ՓՊ-ի նախագահի ընտրությունների օրը տեղի ունեցած դեպքի առթիվ կարգապահական վարույթ չի հարուցվել

ՓՊ-ի նախագահի ընտրությունների օրը՝ սեպտեմբերի 14-ին, Կրոմվել Գրիգորյանի վստահված անձ, փաստաբան Վահագն Բաբայանի և փաստաբան, ՓՊ-ի խորհրդի անդամ Երվանդ Վարոսյանի միջև տեղի ունեցած վիճաբանության առթիվ կարգապահական վարույթ չի հարուցվել: Այս մասին Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՓՊ հանրային կապերի պատասխանատու  Կարինե Ղումաշյանը:
 
Տեղեկացնենք, որ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ կարող է հանդիսանալ ոչ միայն պետական, տեղական ինքնակառավարման և ոչ պետական մարմինների, այլ անձանց դիմումները (բողոքները), այլ նաև զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները:
 
Տվյալ պարագայում նշենք, որ սեպտեմբերի 14-ին՝ ՓՊ նախագահի ընտրությունների օրը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Կրոմվել Գրիգորյանի վստահված անձ Վահագն Բաբայանի և փաստաբան Երվանդ Վարոսյանի միջև տեղի է ունեցել վիճաբանություն: Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ապետնակ Պողոսյանն Իրավաբան.net-ի  թղթակցին տեղեկացրել էր, որ վիճաբանության թեման ընտրությունների հետ կապ չունի. նրանք անձնական խնդիր ունեն: «Լավ չեղավ, որ նրանք իրար հենց ընտրությունների անցկացման վայրում հանդիպեցին»,- ասել է  Ապետնակ Պողոսյանը:
 
Հիշյալ փաստաբանների վիճաբանության վերաբերյալ տեսանյութը տեղադրվել է Իրավաբան.net  կայքում:
 
Փաստաբանության մասին ՀՀ օրենքի համաձայն՝ կարգապահական վարույթ հարուցելու առիթների և հիմքերի առկայության դեպքում փաստաբանների պալատի նախագահը որոշում է կայացնում կարգապահական վարույթ հարուցելու մասին առիթը ծագելու պահից մեկ ամսվա ընթացքում, իսկ հիշյալ դեպքից անցել է մեկ ամսից ավելի ժամանակ:
 
Փաստաբանի վարքագծի կանոնակարգի համաձայն՝ փաստաբանը պարտավոր է մյուս բոլոր փաստաբաններին ընդունել որպես մասնագիտական աշխատակիցներ և անկեղծ ու քաղաքավարի վերաբերմունք ցուցաբերել նրանց հանդեպ։  Ինչպես նաև Փաստաբանը չպետք է կատարի այնպիսի գործողություններ, որոնք կարող են կասկածի տակ դնել նրա հեղինակությունը, ազնվությունն ու անձեռնմխելիությունը: Մասնագիտական, հասարակական, հրապարակախոսական և այլ բնագավառներում իր գործունեությամբ փաստաբանը պետք է նպաստի փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու ամրապնդմանը:
 
Մինչդեռ տեղի ունեցած վիճաբանությամբ փաստաբանների կողմից կանոնակարգի վերոհիշյալ նորմերը չեն պահպանվել:
Նշենք, որ Փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցում ՓՊ նախագահը, որից հետո արդեն հարուցված կարգապահական վարույթը քննում է ՓՊ խորհուրդը,վերջինս էլ կայացնում է վերջնական որոշում:
 
Փաստաբանի կարգապահական պատասխանատվության հարցը քննելուց հետո փաստաբանների պալատի խորհուրդը կարող է փաստաբանի նկատմամբ կիրառելկարգապահական տույժերի հետևյալ տեսակներից մեկը.
 
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) մասնակցել լրացուցիչ վերապատրաստման դասընթացների.
4) տուգանք.
5) փաստաբանի արտոնագրի գործողության դադարեցում:
 
Արև Ավագյան
 
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել