Այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում փաստաթուղթ կեղծելու և իրացնելու մեջ մեղադրվողներ Լևոն Ազիզյանի և Գագիկ Սարգսյանի գործով ներգրավեց հանրային պաշտպան Ալիկ Ստեփանյանը: Գործով դատարան կանչված, պատշաճ ծանուցված վկաները չէին ներկայացել դատական նիստին:
Մեղադրող դատախազ Աշոտ Ստեփանյանը դեմ էր դատական նիստն առանց վկաների շարունակելուն, մեղադրական կողմի պաշտպանը նիստը հետաձգելու անհրաժեշտությունը չգտավ: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը մինչև ապացույցների հետազոտման կարգի սահմանմանն անցելը, որոշեց շարունակել դատական նիստը:
«Լևոն Ազիզյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Էրեբունի ՔԿՀ-ի դատապարտյալ, նախնական համաձայնության գալով «Արեգ Ակումբ» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Սարգսյանի հետ իրավունք վերապահող փաստաթուղթ կեղծելու վերաբերյալ, վերջինիցս ձեռք է բերել ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող թիվ 53 տեղեկանքը, համաձայն որի ինքը իբր աշխատում է վերը նշված ՍՊԸ-ում որպես բանվոր, այնուհետև դա օգտագործել է, այն է` 17.08.2010թ. տեղեկանքը ներկայացրել է Էրեբունի ՔԿՀ-ի վարչակազմ, որի արդյունքում էլ ստացել է թույլտվություն ցերեկային ժամերին ՔԿՀ-ի տարածքի սահմաններից դուրս տեղաշարժվելու համար:
Գագիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով «Արեգ Ակումբ» ՍՊԸ-ի տնօրեն նախնական համաձայնության գալով Էրեբունի ՔԿՀ-ի դատապարտյալ Լևոն Ազիզյանի հետ իրավունք վերապահող փաստաթուղթ կեղծելու վերաբերյալ, պատրաստել և Լ. Ազիզյանի կողմից այն իրացնելու նպատակով վերջինիս է հանձնել ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող թիվ 53 տեղեկանքը, համաձայն որի Լևոն Ազիզյանը իբր աշխատում է վերը նշված ՍՊԸ-ում որպես բանվոր, այնուհետև ըստ նախնական պայմանավորվածության տեղեկանքը Լ. Ազիզյանի կողմից օգտագործվել է, այն է` 17.08.2010թ. տեղեկանքը ներկայացրել է Էրեբունի ՔԿՀ-ի վարչակազմ, որի արդյունքում էլ ստացել է թույլտվություն ցերեկային ժամերին ՔԿՀ-ի տարածքի սահմաններից դուրս տեղաշարժվելու համար»,-մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը հրապարակեց դատախազ Աշոտ Ստեփանյանը:
Լևոն Ազիզյանը նախ դատարանին հայտնեց, որ ընդունում է իր մեղավորությունը Քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով, ոչ թե նույն հոդվածի 2-րդ մասով, որով իրեն մեղադրանք է առաջադրվել, ապա խնդրեց, որ իր փոխարեն պաշտպանը խոսի: Նրա խոսքով՝ ինքը նախնական համաձայնության չի եկել մյուս ամբաստանյալ Գագիկ Սարգսյանի հետ, հետևաբար 325 հոդվածի 2-րդ մաս հանցակազմ չկա:
«Ես եմ իրենից վերցրել թուղթը, հետո աշխատանքը չի եղել…»,- ասաց Լևոն Ազիզյանը, ապա որոշեց խորհրդակցել պաշտպանի հետ: 5 րոպե ընդմիջումից հետո՝ ամբաստանյալը հրաժարվեց դատավարության մասնակիցների հարցերին պատասխանելուց ու խոսելուց:
«Արեգ Ակումբ» ՍՊԸ-ի տնօրեն, ամբաստանյալ Գագիկ Սարգսյանը հայտնեց, որ ինքն անձամբ է կեղծ տեղեկանք պատրաստել ու տվել Լևոն Ազիզյանին:
Դատարանն ամբաստանյալներին լսելուց հետո սահմանեց ապացույցների հետազոտության կարգը՝ նախ կլսեն վկաներին, ապա ամբաստանյալներին, կհրապարակեն գործում առկա ապացույցները:
Դատական նիստը հետաձգվեց մինչև նոյեմբերի 1-ը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նունե Հովսեփյան
Իրավաբան.net