Այն, ինչ խաղաղության պայմանագրում առաջարկում է Ադրբեջանը, միանգամայն արդարացված է. Բաքվում ՌԴ դեսպան

Известия-ին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում․ «Այժմ Հայաստանն ու Ադրբեջանը ուղղակիորեն փոխանակում են խաղաղության պայմանագրերի նախագծերը»։

Դեսպանը նաև հավելել է, թե Ղարաբաղի հարցը փակված է՝ ընդգծելով, որ անցած տարիներին Ռուսաստանը ջանքեր է գործադրել ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար, սակայն չի ստացվել․ «Այս թեման փակվեց սեպտեմբերին ռազմական գործողությամբ։ Ռուսաստանը միշտ շատ կարևոր դեր է խաղում կարգավորման հարցում։ Ռուսաստանը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել երկու կողմի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում։ Այժմ Հայաստանն ու Ադրբեջանը ուղղակիորեն փոխանակում են խաղաղության պայմանագրերի նախագծերը։ Այն, ինչ առաջարկում է ադրբեջանական կողմը, իմ կարծիքով, միանգամայն արդարացված է, ստանդարտ ձևակերպումներն և դրույթներ են, որոնք, որպես կանոն, գոյություն ունեն կողմերի միջև կնքվող խաղաղության պայմանագրերում։ Եվ սկզբունքորեն, ելնելով այն առաջարկներից, որ անում է Բաքուն, ինձ թվում է, որ այդ բանակցությունները կարող են բավականին արագ ավարտվել»։

Բաքվում ՌԴ դեսպանը հավելել է, որ ՌԴ-ն պատրաստ է տրամադրել մոսկովյան հարթակ, պատրաստ է անհրաժեշտության դեպքում տրամադրել իր փորձաքննությունը, տեքստի վերաբերյալ խորհուրդներ տալ։

«Այս հարցում մենք շատ լավ փոխգործակցում ենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ։ Ես տեսնում եմ, որ Ադրբեջանը հաստատակամ է շատ արագ ավարտելու խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ բանակցությունները։ Բայց, ինչպես գիտենք, բանակցություններն ավարտին հասցնելու համար երկու կողմերն էլ պետք է նման ցանկություն ունենան», – նշել է Եվդոկիմովը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել