Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց ԱԻՆ-ի նախկին աշխատակից Սոս Օհանյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի քննությունը:
Դատական նիստի ընթացքում քննվեց հիշյալ քրեական գործով քաղաքացիական հայցվոր ճանաչելու հարցը:
Որպես քաղաքացիական պատասխանող հանդես է գալիս ՀՀ ֆինանսների նախարարությունը:
ԱԻՆ-ի ներկայացուցիչները դատարանին տեղեկացրին, որ իրենք դեմ չեն դատարանում որպես քաղաքացիական հայցվոր ներգրավվելուն, եթե իհարկե նման որոշում կկայացնի դատարանը:
Դատական նիստի ժամանակ Ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Էդգար Անդրեասյանը միջնորդություն ներկայացրեց ոչ պատշաճ կողմը պատշաճ կողմով փոխարինելու վերաբերյալ: Նա նշեց, որ որպես պատշաճ կողմ պետք է հանդես գա «ՌՈՍԳՈՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը, քանի որ մեքենան ապահովագրված է և ֆինանսական հոգսը պատկանում է ապահովագրական ընկերությանը:
Մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը չառարկեց ֆինանսների նախարարության կողմից ներկայացված միջնորդությանը, քանի որ պայմանագիրը կնքվել է ԱՊՊԱ-ի հետ, հետևաբար պետք չէ ապահովագրական ընկերության բեռը թողնել պետության վրա: Նա միաժամանակ նշեց, որ հրշեջ մեքենայի տեխանձնագրի համաձայն՝ ավոտմեքենան պատկանում է ԱԻՆ-ին, ապահովագրական պայամանագիրը ևս կցված է ԱԻՆ-ին, այսինքն՝ Ֆինանսների նախարարությունը չի կարող ապահովագրական ընկերության հետ որպես երրորդ կողմ հանդես գալ, քանի որ, ինչպես արդեն նշեցինք, պայմանագիրը կնքվել է ԱԻՆ-ի հետ համատեղ:
Պաշտպանական կողմը ևս չառարկեց «ՌՈՍԳՈՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ընկերությանը որպես երրորդ կողմ ներգրավելու միջնորդությանը: Նա նշեց նաև, որ ԱԻՆ-ի լիազորությունները պետք է դադարեցվեն և նրանց ներկայացրած քաղաքացիական հայցը թողնել առանց քննության, քանի որ իրենք սույն դատավորությամբ որպես տուժող կողմ հանդես չեն գալիս:
Ֆինանսների նախարարության ներկայացրած միջնորդությանը դեմ արտահայտվեց տուժող կողմը՝ պատճառաբանելով, որ ապահովագրական ընկերությունը չի վճարի իրենց վնասի փոխհատուցումը, քանի որ այն գերազանցում է 3 միլիոն դրամը:
Նշենք, որ ըստ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի՝
անձնական վնասի փոխհատուցման դեպքում ապահովագրական ընկերությունը պարտավոր է վճարել առավելագույնը 3 միլիոն դրամ՝ յուրաքանչյուր տուժողին, բայց ոչ ավելի, քան 9 միլիոն դրամը:
Այսօրվա դատական նիստի ընթացքում հիշյալ հարցի վերաբերյալ դատարանը որոշում չկայացրեց:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 7-ին, ժամը 15:00-ին:
Հիշեցնենք, որ 43-ամյա ամբաստանյալի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևանի ՀՓՎ թիվ 10 ջոկատում որպես վարորդ, 2013թ մայիսի 14-ին Երևան քաղաքի Նուբարաշեն խճուղում ոչ սթափ վիճակում վարելով իրեն ամրակցված ծառայողական ավտոմեքենան, թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, որի արդյունքում ստացված մարմնական վնասվածքներից «Ֆիատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ռոբերտ Աբրահամյանը մահացել է, իսկ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Տարիել Քիշմիրյանը ստացել է մարմնական վնասվածքներ` կյանքին վտանգ սպառնացող:
Արև Ավագյան