Արևմուտքը սխալ է համարում Ռուսաստանի դերն Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործում և փորձում է երկու երկրներին հրապուրելով տանել Բրյուսել, Փարիզ և Վաշինգտոն: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցառումներին մասնակցության արդյունքների վերաբերյալ ասուլիսի ժամանակ։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ նախագահ Պուտինը վճռորոշ դեր է խաղացել 44-օրյա պատերազմի դադարեցման, ինչպես նաև մի քանի եռակողմ փաստաթղթերի համաձայնեցման գործում, «որոնցում սահմանված են կարգավորման առանցքային պարամետրերը, այդ թվում՝ սահմանազատման, առևտրային և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման և խաղաղության պայմանագրի ստորագրման հարցերը»:
«Վերջին ժամանակներս մենք տեսնում ենք, թե ինչպես արդեն այդ պայմանավորվածությունների ձեռքբերումից հետո արևմտյան գործընկերները որոշեցին, որ մի տեսակ սխալ է, որ Ռուսաստանին հաջողվում է առաջընթաց գրանցել այդ ուղղությամբ, և նրանք սկսեցին հայերին, ադրբեջանցիներին հրապուրելով տանել մե՛կ Բրյուսել, մե՛կ Փարիզ, մե՛կ Վաշինգտոն, մեկ Պրահա»,-ասել է Լավրովը:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանել է նաև Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության մասին հարցին:
«Մենք իսկապես այնտեղ՝ Ղարաբաղում, ունենք խաղաղապահներ, նույնիսկ այն բանից հետո, երբ բոլորը ճանաչեցին Ղարաբաղը որպես ադրբեջանական տարածք, բայց այս հարցն այլեւս չի վերաբերում հայկական կողմին, սա Ռուսաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների հարց է»,- ընդգծեց նախարարը։