Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահության, այսօր՝ հունվարի 22-ին, տեղի ունեցավ Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետ Արսեն Լալայանցի և Արմեն Երիցյանի գործով դատական նիստը։
Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի՝ Երվանդ Զախարյանը, 2003-2009թթ. ընթացքում զբաղեցնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը, անցել է պաշտոնեական լիազորությունները, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ վատնման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գույքը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստի սկզբում դատարանը հաստատեց Երևանի համայնքի ներկայացուցչի լիազորությունը։ Վերջինս ժամանակ խնդրեց մեղադրանքին ծանոթանալու համար, Վահե Դոլմազյանը բավարարեց նշված միջնորդությունը։
Նիստի ընթացքում միջնորդություն ներկայացրեց նաև Արսեն Լալայանցի փաստաբանը։ Նա խնդրում էր իր պաշտպանյալին թույլատրել մի քանի օրով մեկնել ՀՀ-ից։
Հանրային մեղադրող Լիլիթ Շիրինյանը նշեց, որ դեմ չէ, որպեսզի ամբաստանյալը դուրս գա ՀՀ սահմաններից, սակայն պետք է ապացույցներ ներկայացնի, որոնք կհավաստեն իր՝ նշված պարենային ցուցահանդեսին մասնակցելու անհրաժեշտությունը։
Հարցի քննարկման ժամանակ նախագահող դատավորը նկատողություն արեց Երվանդ Զախարյանին․ «Միգուցե բնավորություն է, բայց Ձեր ձեռքի․․․գրական անվանումը չգիտեմ, թզբեհը պահեք»։
Արսեն Լալայանցի միջնորդության քննարկումը շարունակվեց, որից հետո դատավորը բավարարեց այն։ Նիստը հետաձգվեց և նշանակվեց փետրվարի 2-ին։
Մանրամասները՝ տեսանյութում։