Երվանդ Զախարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում է կայացվել. ՀՔԾ

Հատուկ քննչական ծառայությունում Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի և քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախիկին պետ Արսեն Լալայանցի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում է կայացվել։

Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում տեղեկացրեց  ՀՔԾ լրատվության բաժնի պետ Մարինա Օհանջանյանը:

Քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Երևանի նախկին քաղաքապետն Երվանդ Զախարյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Արսեն Լալայանցը կատարել են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքներ:

Այսինքն` նշված պաշտոնատար անձանց գործողությունների հետևանքով «Հաղթանակ» զբոսայգու հողամասի մասը կազմող և պետական սեփականություն հանդիսացող, 2.990.000.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող, օտարման ոչ ենթակա 10000 քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով, կադաստրային արժեքով` 164.760.000 ՀՀ դրամով, օտարվել է մասնավոր ընկերության, և հասարակությունը հանիրավի զրկվել է ազգային զբոսայգու մի ստվար հատվածից: Նկատի ունենալով, որ վերը նկարագրված դեպքում անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված ժամկետները, նշված անձինք դիմել են վարույթն իրականացնող մարմնին և հայտնել, որ չեն առարկում ոչ արդարացնող, այն է` վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ, ուստի ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել նշված հիմքով նրանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

Որոշման օրինակն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն` օտարված հիշյալ անշարժ գույքի գործարքներն առ ոչինչ ճանաչելու և գույքային միավորը պետության հաշվեկշիռ վերադարձնելու պետական շահերի հայց ներկայացնելու հարցը քննարկելու նպատակով: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է` «Հաղթանակ» զբոսայգուն հարակից տարածքներում գտնվող առանձնատների կառուցման համար հողահատկացման իրավաչափությունը և մյուս հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որհատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել էր, որ Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը, քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետ Արսեն Լալայանցը չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել