«Օսկարի» գլխավոր տնօրենի նորաստեղծ պաշտոնում նշանակվել է հայազգի Թենի Մելիդոնյանը

«Օսկարի» գլխավոր տնօրենի նորաստեղծ պաշտոնում նշանակվել է հայազգի Թենի Մելիդոնյանը։ Այդ մասին հաղորդում է «Hollywood Reporter»-ը։

Թենի Մելիդոնյանին այդ պաշտոնին նշանակել է կինոարվեստի և գիտությունների ամերիկյան ակադեմիան։

Ինչպես նշել է ակադեմիայի գործադիր տնօրեն Բիլ Քրամերը` նոր պաշտոնում Թենի Մելիդոնյանը կղեկավարի ռազմավարությունը, տաղանդների հետ կապերը, հատուկ միջոցառումները և մրցանակաբաշխության բոլոր ծրագրերի և միջոցառումների արտադրական թիմերը։

Մելիդոնյանը սերտորեն կաշխատի «Օսկար»-ի պրոդյուսերների և հաղորդավարների, Disney/ABC-ի և Ակադեմիայի ղեկավարության, ներառյալ՝ Կառավարիչների խորհրդի և նրա հանձնաժողովների հետ, ինչպես նաև կհամակարգի այն թիմերի աշխատանքը, որոնք ներգրավված են «Օսկար»-ի մրցանակաբաշխության արարողության մշակման և անցկացման, ինչպես նաև այն համաշխարհային լայն լսարանին ներկայացնելու գործում:

Ակադեմիայի տնօրենը՝ բարձր գնահատելով Մելիդոնյանի փորձը, ստեղծագործական անհատականությունն ու հեռանկարային լինելը, կարևորել է այս պաշտոնը, հատկապես՝ «Օսկար»-ի 100-րդ մրցանակաբաշխությանն ընդառաջ։

Քրամերի ղեկավարությամբ՝ 2022 թվականին Մելիդոնյանը գլխավորել է  «Օսկար»-ի նորաստեղծ ռազմավարական ստորաբաժանումը, որն ամբողջ տարվա ընթացքում աշխատում էր մրցանակների հետ կապված բոլոր ծրագրերի վրա:

Մելիդոնյանը վերջերս «Օսկար»-ի ռազմավարության փոխնախագահն էր: Նա իր ակադեմիական կարիերան սկսել է 2005 թվականին՝ որպես  հաղորդակցության և հրապարակայնության բաժնի ղեկավար, վերահսկելով ապրանքանիշի ռազմավարությունը և մարքեթինգը:

Մինչ ամերիկյան կինոկադեմիա ընդունվելը, նա աշխատել է Վաշինգտոնում, այդ թվում՝ ՀՀ դեսպանությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել