Թուրքիայում գործող և ընդդիմադիր մոտեցումներով հայտնի «Gazeteduvar» լրատվական կայքի հոդվածագիր Բարըշ Ավշարը, հիմնվելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AK) կուսակցությանը մոտ կանգնած անձի հետ զրույցի վրա, Ստամբուլի առաջիկա ընտրությունների հետ կապված հոդված է հրապարակել:
Ավշարը մասնավորապես նշել է, որ Էրդողանը ցանկանում է Ստամբուլի ընտրությունների համար առաջադրել իր փեսա Սելչուք Բայրաքթարի թեկնածությունը, որին սակայն դեմ է իշխող կուսակցությունը:
Բացի այդ, նշվում է մեկ այլ հնարավոր թեկնածուի՝ Մեհմեդ Թեվֆիք Գյոքսու մասին, ով ներկա պահին Ստամբուլի Էսերլեր շրջանի, ինչպես նաև Ստամբուլի նահանգապետարանի ԱԶԿ խմբակցության ղեկավարն է:
«Իսկ եթե ո՛չ Գյոքսուն և ոչ էլ Բայրաքթարը չառաջադրվեն որպես թեկնածու, կա՞ մեկ այլ հավակնորդ»,- հոդվածի հեղինակի հարցին ի պատասխան զրուցակիցը տվել է Ստամբուլի Ֆաթիհ շրջանի ղեկավար Էրգյուն Թուրանի անունը:
Իսկ թեկնածության համար որպես հիմք է ներկայացրել Թուրքիայի կառավարությանը կից բնակարանային կառուցման վարչությունում (TOKİ) և շրջանի ղեկավարի պաշտոնում Թուրանի ունեցած հաջողությունները, ինչպես նաև նրա ինտելեկտուալ մակարդակը:
Հակտանշական է, որ զրույցի ընթացքում հնչած այն տեսակետին, թե Էրդողանի ցանկությունը միշտ ի կատար է ածվում, Ավշարի զրուցակիը արձագանքել է. «Երևում է կուսակցությանը թերևս լուրջ չեք վերաբերվում»:
«Gazeteduvar» լրատվական կայքում վերոհիշյալ հոդվածը տեղ է գտել հետևյալ վերտառությամբ՝ «Էրդողանը Ստամբուլի շուրջ չի կարողանում համաձայնության գալ իր կուսակցության հետ»։