Պաշտոնական Բաքուն «ապատեղեկատվություն» է որակել ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության 2023 թվականի դեկտեմբերի 4-ի հայտարարությանը՝ հայտարարելով, մերժում է այն։

«Ադրբեջանի ԱԳՆ-ն հիշեցնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նույնպես «հրաժարվում է «ապատեղեկատվական և զրպարտչական»  (չակերտները՝ Iravaban.net-ի) բնույթի այս մեղադրանքից և նշում, որ հայկական կողմի տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

Հայկական կողմը նման հայտարարություններով նպատակ ունի արհեստական ​​լարվածություն ստեղծել սահմանամերձ շրջաններում և գրավել երրորդ երկրների ուշադրությունը։ Ադրբեջանն իր հերթին կշարունակի իր «խաղաղապահ և ստեղծագործական» (չակերտները՝ Iravaban.net-ի) ջանքերը հետկոնֆլիկտային փուլում և վճռականորեն կհակազդի այս գործընթացի դեմ ուղղված ցանկացած քայլի»,- ասվում է մեկնաբանության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն, անդրադառնալով դեկտեմբերի 4-ին ՀՀ Վայոց Ձորի մարզի ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից ՀՀ ԶՈՒ զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանի մահվան միջադեպին, հայտարարություն էր տարածել, նշելով, որ սահմանին նման սադրանքներ իրականացնելով, ինչպես նաև տարբեր միջազգային դերակատարների՝ բանակցությունները շարունակելու առաջարկները շարունակաբար մերժելով՝ ադրբեջանական կողմը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը և այն մտցնել փակուղի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել