Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանգիստ է արձագանքել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելու մերժմանը և առաջարկել է հապճեպ որոշումներ չկայացնել։ Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, հայտնել մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը
Հայաստանի վարչապետը նախագահ Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է, որ չի կարող մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։
«Բելառուսի նախագահը հանգիստ է արձագանքել Հայաստանի վարչապետի մերժմանը, հասկանալով, որ դա ցանկացած պետության ղեկավարի գործն է»,- նշել է Էյսմոնտը։
Նա պարզաբանել է, որ «հրավերն ուղղվել է Հայաստանի վարչապետին այնպես, ինչպես մյուս պետությունների ղեկավարներին»։
«Ռուսաստանի նախագահը, օրինակ, նաև վերջերս կայացած հեռախոսազրույցի ժամանակ, ընդունել է հրավերը»,- նշել է մամուլի քարտուղարը։
«Իր փորձից և նմանատիպ իրավիճակներում հայտնված որոշ այլ հայտնի քաղաքական գործիչների գործողություններից ելնելով, նախագահը (Լուկաշենկոն՝ խմբ.) առաջարկել է Հայաստանի վարչապետին չշտապել, չընդունել հապճեպ որոշումներ, այլ լրջորեն մտածել հետագա քայլերի մասին»,- հավելել է Էյսմոնտը։