Որո՞նք են պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերը

«Զինվորական ծառայության և զինվորական կարգավիճակի մասին» օրենքի 21-րդ հոդվածով սահմանվում են պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերը։

Iravaban.net-ը հայտնում է, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, որը`

1) առողջական վիճակի պատճառով ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար.

2) մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային ծառայություն:

Բացի այդ, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից քաղաքացին ազատվում է նաև բուժման կարիք ունենալու,  առողջական վիճակի պատճառով պարտադիր զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչված լինելու դեպքում։

Հիմք կարող է դառնալ նաև օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերը․ «․․․Քաղաքացուն տարկետում տրվում է մինչև նրա ծնողների կամ միայնակ ծնողի այլ զավակի 18 տարին լրանալու կամ պարտադիր զինվորական ծառայությունից արձակվելու օրը, իսկ 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դեպքում` մինչև երկրորդ երեխայի կամ առնվազն զույգ երեխաների ծննդյան օրը: Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված մյուս դեպքերում քաղաքացուն տարկետում տրվում է մինչև նրա 27 տարին լրանալու օրը: Եթե 27 տարին լրանալու օրվա դրությամբ քաղաքացին չի կորցրել ստացած տարկետման իրավունքը, ապա 27 տարին լրանալու հիման վրա ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից»:

Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, որը`

1) առողջական վիճակի պատճառով ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար.

2) մինչև պահեստազորի սպայական կազմ որակավորվելն անցել է պարտադիր զինվորական ծառայություն:

Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայությունից քաղաքացին ազատվում է նաև առողջական խնդիրներ ունենալու հիմքով։

Քաղաքացին կարող է բացառիկ դեպքերում ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Այլ պետության քաղաքացիություն ընդունած Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից անկախ այլ պետությունում ծառայելու հանգամանքից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել