«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով սահմանված են վարելու իրավունքը դադարելու և վարորդական վկայականի ուժը կորցնելու դեպքերը։
Iravaban.net-ը հայտնում է, որ 29-րդ հոդվածի համաձայն՝
1. Անձի վարելու իրավունքը դադարում է, եթե`
1) առկա է նրան անգործունակ ճանաչելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ.
2) առկա է նրա՝ հոգեկան, թմրամիջոցների և (կամ) հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ պայմանավորված hիվանդության վերաբերյալ և (կամ) առողջական վիճակը օրենսդրությամբ սահմանված պայմաններին չհամապատասխանելու մասին իրավասու մարմնի եզրակացություն.
3) առկա է վարելու իրավունքից զրկելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ կամ իրավասու այլ մարմնի՝ ուժի մեջ մտած ակտ.
4) նա մահացել է:
2. Անձի վարորդական վկայականն ուժը կորցնում է, եթե`
1) առկա է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկը.
2) լրացել է վարորդական վկայականի գործողության ժամկետը.
3) վարորդական վկայականը կորել է, և անձը դիմել է նոր վկայական ստանալու համար կամ իրազեկել է կորստյան մասին:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով ուժը կորցրած վարորդական վկայական հայտնաբերելու դեպքում ոստիկանությունը վերցնում է այդ վարորդական վկայականը:
4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված հիմքերով դադարեցված վարելու իրավունքը վերականգնվում է վարելու իրավունքը դադարելու հիմքը վերանալուց հետո` որակավորման քննությունները հանձնելուց հետո: