ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով պաղեստինա-իսրայելական հակամարտությունը, ասել է, որ երբ նայում ես մահացած երեխաներին, բժիշկների մահվանն ու տարեցների տառապանքներին, բռունցքներդ սեղմվում են, բայց հույզերն անընդունելի են․ այս մասին գրում է РИА Новости-ն։
«Երբ նայում ես արնաշաղախ, մահացած երեխաներին, կանանց և ծերերի տառապանքներին, թե ինչպես են բժիշկները մահանում, իհարկե, և՛ բռունցքներդ են սեղմվում, և՛ արցունքներ են հոսում։ Այլ կերպ չի կարող լինել»,- ասել է Պուտինը Դաղստանի Հանրապետությունում տիրող իրավիճակին նվիրված հանդիպման ժամանակ։
Նախագահը նշել է, որ անհրաժեշտ է «հստակ հասկանալ, թե իրականում ով է կանգնած Մերձավոր Արևելքի և աշխարհի այլ տարածաշրջանների ժողովուրդների ողբերգության հետևում, ով է կազմակերպում մահաբեր քաոսը և ում է ձեռնտու դա»։
Նա ընդգծել է, որ Գազայի հատվածում խաղաղ բնակչության ռմբակոծությունները չեն կարող արդարացվել։