Կրեմլը մեկնաբանել է Մախաչկալայում տեղի ունեցած իրադարձությունները

Կրեմլն առաջին անգամ մեկնաբանել է երեկ Մախաչկալայում տեղի ունեցած իրադարձությունները, հայտնում է РИА Новости-ն:

«Սա հիմնականում արտաքին միջամտության հետևանք է, այդ թվում՝ տեղեկատվական ազդեցության», – ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա նաև հավելել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հանդիպում կունենա՝ քննարկելու Արևմուտքի փորձերը՝ օգտագործելու Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները հասարակության պառակտման համար:

Պեսկովի խոսքով՝ Պուտինը երկուշաբթի հրապարակային ելույթ կունենա բոլոր ուժային կառույցների ղեկավարների, այդ թվում՝ վարչապետ Միխայիլ Միշուստինի, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ, ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ կիրակի երեկոյան Red Wings ավիաընկերության Թել Ավիվի – Մախաչկալա չվերթը սպասարկող ինքնաթիռի ժամանումից հետո մարդկանց ամբոխը ներխուժել է Մախաչկալայի օդանավակայանի թռիչքուղի՝ փնտրելով Իսրայելի քաղաքացիներին։ Միևնույն ժամանակ Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ Թել Ավիվից Մախաչկալա թռչող ինքնաթիռում հրեաներ կամ իսրայելցիներ չեն եղել: Մարդկանց ներխուժումից հետո զանգվածային անկարգություններ են սկսվել, ինչի հետևանքով կան տուժածներ։

Միջադեպի հետևանքով բոլոր այն ինքնաթիռները, որոնք պետք է ժամանեին Դաղստանի մայրաքաղաք, վայրէջք են կատարել այլընտրանքային օդանավակայաններում։ Ցուցարարների՝ օդանավակայանի տարածք ներխուժումից հետո դեպքի վայր են ժամանել իրավապահներ, ինչից հետո բախումներ են սկսվել։

ՌԴ ոստիկանությունը հայտնաբերել է Մախաչկալայի օդանավակայանում անկարգությունների ավելի քան 150 ակտիվ մասնակցի, նրանցից 60-ը բերման է ենթարկվել և տեղափոխվել ոստիկանության տարածքային բաժիններ՝ հետագա հետաքննության համար, հայտնում է Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգի ՆԳՆ գլխավոր վարչությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել