Փաշինյանը վերահաստատեց` ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Գրանադայում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և համատեղ հայտարարություն են ընդունել Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո։ Հայտարարության  տեքստը հրապարակել է ԵՄ խորհուրդը։

«Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ընդգծել են իրենց անսասան աջակցությունը Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը։

Նրանք համաձայնեցին Հայաստանին հավելյալ մարդասիրական օգնություն տրամադրելու անհրաժեշտության շուրջ, քանի որ այն բախվում է Ղարաբաղի (Արցախ՝ խմբ․)  հայերի վերջին զանգվածային տեղահանության հետևանքներին։ Նրանք ընդգծեցին, որ այդ փախստականները պետք է ազատորեն օգտվեն իրենց տներ և իրենց բնակության վայրեր վերադառնալու իրավունքից՝ առանց որևէ պայմանների, միջազգային մոնիտորինգի ներքո և հարգելով իրենց պատմությունը, մշակույթը և մարդու իրավունքները։

Կողմերը հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված Հայաստանի (29․800 քառ․ կմ) և Ադրբեջանի (86․600 քառ․ կմ) սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, ինչպես նշված է Միշելի 2023 թվականի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի հայտարարություններում։

Նրանք ընդգծել են սահմանների սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝  կողմերին տրամադրված ԽՍՀՄ գլխավոր շտաբի ամենավերջին քարտեզների հիման վրա։

Նրանք կոչ են արել ընդլայնել տարածաշրջանային համագործակցությունը և վերաբացել բոլոր սահմանները, ներառյալ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը, ինչպես նաև բացել տարածաշրջանային տրանսպորտային կապերը, որոնք հիմնված են երկրների ինքնիշխանության և իրավասության լիակատար հարգանքի, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա:

Եվրոպացի առաջնորդները կոչ արեցին Հայաստանին և Ադրբեջանին ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին և համագործակցել անհետ կորածների ճակատագրին լուծում տալու և ականազերծման աշխատանքները հեշտացնելու համար»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել