Արցախի հայերին մարդասիրական օգնության ցուցաբերումը կշարունակվի. ՌԴ ԱԳՆ

Շարունակվում են Ռուսաստանի հետևողական ջանքերը՝ հումանիտար օգնություն ցուցաբերելու Լեռնային Ղարաբաղի (Արցախի Հանրապետություն՝ խմբ․) հայ բնակչությանը։ Օգնությունը հասնում է նրանց, ովքեր ինքնակամ լքել են տարածաշրջանը, ինչպես նաև այն բնակիչներին, ովքեր որոշել են մնալ։

«Սեպտեմբերի 20-ին Ղարաբաղում (Արցախի Հանրապետություն՝ խմբ․) ռազմական գործողությունների դադարեցումից հետո, որը ձեռք է բերվել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի միջնորդությամբ, մեր խաղաղապահները արցախցիներին  մատակարարել են շուրջ 200 տոննա մարդասիրական բեռ, վառելանյութ և կազմակերպել սեպտեմբերի 25-ին լցակայանում պայթյունի հետևանքով տուժած հարյուրավոր մարդկանց բժշկական տարհանումը, ուղեկցել այն ղարաբաղցիների շարասյուները, որոնք որոշել են Հայաստան մեկնել։ ՌԴ ռազմական բժիշկները շարունակում են աշխատել տարածաշրջանում։

Արցախահայերին օգնությունը տրամադրվում է տարբեր ուղիներով և Հայաստանի տարածքում, այդ թվում՝ ռուսական ընկերությունների կողմից, հասարակական ակտիվիստների և հայրենակիցների միջոցով։

Հաշվի առնելով հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳՆ–ի ճեպազրույցի ժամանակ հնչեցրած մարդասիրական կարիքները, որոշում ենք մարդասիրական օգնության ծավալն ու ցանկը։ Այս աշխատանքը, գլխավորապես, ուղղված է առաջնահերթ կարիքների բավարարմանը։ Երևանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունը հատուկ շտաբ է ստեղծել ջանքերի համակարգման համար։ Միայն վերջին մի քանի օրում դրա աշխատակիցները ավելի քան 3 տոննա մարդասիրական բեռ են հասցրել Գորիս և 1.5 տոննա` Կապան։ Սյունիքում գլխավոր հյուպատոսություն բացելու գծով ՌԴ ԱԳՆ առաջատար խմբի ՌԴ դիվանագետները տեղի վարչակազմի հետ միասին աշխատում են սահմանամերձ գոտում։

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը տրամադրել է 100 վրան և 200 տաք ծածկոց։

Ելիզավետա Գլինկայի անվան «Դոկտոր Լիզան» բարեգործական հիմնադրամն առաքման համար պատրաստել է ավելի քան 10 տոննա մարդասիրական օգնություն, ներառյալ մանկական սնունդ, առաջին անհրաժեշտության ապրանքներ, տաք հագուստ, անկողնային պարագաներ և էլեկտրական տաքացուցիչներ:

Սոցիալական ակտիվիստների ջանքերով նախատեսվում է Վոլգոգրադից ուղարկել 20 տոննա մարդասիրական օգնություն։ Ռուսաստանի հայկական սփյուռքի կազմակերպությունները 500 արցախցիների  ապահովել են ամենօրյա սնունդով։

«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ԲԲԸ-ի ներկայացուցչությունը և հայրենակիցների ասոցիացիաները սննդի փաթեթներ են հավաքում և բաշխում։

Հոկտեմբերի 1-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն  արցախցիների  համար ապահովում է Հայաստանում էլեկտրագնացքներով անվճար երթեւեկություն։ «ՌՈՒՍԱԼ Արմենիա» ընկերությունների խումբն օգնում է տեղահանվածներին՝  աշխատանքի տեղավորման հարցում: Հաշվի առնելով բնակարանների հրատապ կարիքը՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տրամադրում է կացարան ենթակա բնակարանային ֆոնդում, ինչպես նաև վճարում է 600 ընտանիքների բնակարանների վարձակալության և կոմունալ ծառայությունների գումարները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել