Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ սեպտեմբերի 26-ին, տեղի է ունեցել Ստեփանավան քաղաքի նախկին գլխավոր ճարտարապետ, Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով նիստը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս նիստին պատասխանողների նոր ներկայացուցիչներ էին ներգրավվել, փաստաբաններ Ինգա Սարաֆյանը և Արմեն Մելքումյանը։ Նրանք ներկայացրին կալանավայրից Վահագն Վերմիշյանի նամակը, որը ձեռագրով էր գրված։ Նամակում նա նշել է՝ հրաժարվում է գործով ներգրավված մյուս փաստաբաններից։
Նախագահող դատավոր Կարապետ Բադալյանը հայտնեց, որ Վերաքննիչ քրեական դատարանից պատասխան է ստացվել, որ նրանք չեն առարկում Հակակառուպցիոն դատարանում՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով Վահագն Վերմիշյանի մասնակցությանը։
«Գործընթացը բավականին ժամանակ պահանջող է, նիստից 3 օր առաջ դատարանը պետք է ծանուցի այն քրեակատարողական հիմնարկին, որտեղ պահվում է պարոն Վերմիշյանը, որպեսզի նրանք էլ կարողանան ապահովել ներկայությունը»,-հայտնեց դատավորը և հարցրեց պատասխանող կողմին՝ Վահագն Վերմիշյանի՝ նիստերին մասկացելու ցանկությունը պահպանվե՞լ է, թե ոչ։ Փաստաբանները դրական պատասխան տվեցին։
Պատասխանողների ներկայացուցիչները նշեցին նաև, որ երեկ են ներգրավվել ու դեռևս չեն ծանոթացել գործի նյութերին, խնդրեցին հետաձգել դատական նիստը։
Կարապետ Բադալյանը նիստը հետաձգեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին։