Բարենպաստ պայմաններ են ստեղծվել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար․ Ալիևը հանդիպել է Տոյվո Կլաարին

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Արցախում  «հակաահաբեկչական գործողությունից» (չակերտները՝ Iravaban.net-ի) հետո ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար։ Այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, փոխանցում է ТАСС-ը։

«Նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ ներկայումս տարածաշրջանում ավելի բարենպաստ պայմաններ կան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար», – ասվում է հայտարարության մեջ։

Ալիևը ԵՄ հատուկ ներկայացուցչին ասել է, որ Արցախում արդեն առգրավվում են զենք ու զինամթերք:  Նա զրուցակցին տեղեկացրել է փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ աշխատանքային խմբի ստեղծման մասին, որը կզբաղվի տարածաշրջանի սոցիալ-տնտեսական խնդիրներով։

Ադրբեջանի նախագահի խոսքով՝  Արցախում կապահովվեն հայ բնակչության բոլոր իրավունքները, այդ թվում՝ կրթության, ինչպես նաև մշակութային, կրոնական, քաղաքային և ընտրական իրավունքները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել