ԼՂ-ում զինված հակամարտության սրման կապակցությամբ հակամարտող կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել արյունահեղությունը, ռազմական գործողությունները և բացառել զոհերը քաղաքացիական անձանց շրջանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։
«ԼՂ կարգավորման ճակատագրի վրա արմատապես ազդել է 2022 թ․ հոկտեմբերին և 2023 թ․ մայիսին պաշտոնական Երևանի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելը։ Սա փոխել է եռակողմ համաձայնագրի հիմնարար պայմանները։
Տարածաշրջանում տեղակայումից ի վեր ռուս խաղաղապահները բարեխղճորեն իրականացրել են հրադադարի պահպանման, ադրբեջանական և հայկական կողմերի միջև կապերի ապահովման խնդիրները։ Մեր խաղաղապահները համակարգել են տեղում հումանիտար իրավիճակը շտկելու ջանքերը, ինչպես նաև նպաստել են Բաքվի և Ստեփանակերտի միջև ուղիղ երկխոսությանը։ Նույնիսկ այս ժամերին օգնություն են ցուցաբերում խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ բժշկական օգնություն, զբաղվում են տարհանմամբ։
Հիմա գլխավորն այն է, որ շտապ վերադառնանք 2020-2022 թվականների ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի փաթեթի իրականացմանը, որտեղ հստակեցված են բոլոր քայլերը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման, զինված առճակատման դադարեցման համար, Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար»,- ասված է հայտարարությունում։