Վահագն Վերմիշյանն իրեն առաջադրված մեղադրանքի բոլոր դրվագներով արդարացում է պահանջում․ Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկեց դատավարությունը

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ սեպտեմբերի 19-ին, տեղի ունեցավ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով դատական նիստը: Այն նախագահում էր Սերգեյ Մարաբյանը, կազմում էին Մեսրոպ Մակյանը և Կարեն Ամիրյանը:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատական նիստի չէր ներկայացել գործով հանրային մեղադրողը, նա խնդրել էր նիստը հետաձգել:

Նախագահող դատավորը ստուգեց ամբաստանյալների, նրանց փաստաբանների ինքնությունը։

Ինչպես պաշտպանական, այնպես էլ մեղադրող կողմերն առաջին ատյանի կայացրած դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացրել։ Վերաքննիչ բողոք ներկայացրած բոլոր ամբաստանյալները պահանջում են ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի դատավճիռը և հռչակել նրանց անմեղությունը։

Դատախազը նիստին չէր ներկայացել այլ գործով զբաղվածության պատճառով։

Iravaban.net-ի հետ զրույցում Ալեքսանդր Կոչուբաևը հայտնեց, որ Վահագն Վերմիշյանն առաջադրված մեղադրանքի բոլոր դրվագներով արդարացում է պահանջում։

Նշենք՝ մայիսի 15-ին առաջին ատյանի դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, Վահագն Վերմիշյանը դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ Վերմիշյանին մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։

Ըստ ԱԱԾ-ի՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինարակական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով Վերմիշյանը 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1.000.000-2.500.000 ՀՀ դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել