«Եկեղեցին և իրավունքը» հարցազրույցների շարքի շրջանակում Iravaban.net-ը Արագածոտնի թեմի Մուղնու Սբ․ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եղիշե քահանա Բարսեղյանի հետ զրուցել է Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինի՝ Խաչվերացի մասին։
-Ի՞նչ տոն է Խաչվերացը։ Ինչու՞ է համարվում Խաչին նվիրված տոներից ամենակարևորը։
-Հայ Առաքելական եկեղեցին խաչին նվիրված չորս տոներ ունի։ Մեծագույնը՝ Խաչվերացն է, Սբ․ խաչի վեր հանելը։ Պարսից Խոսրով թագավորը երբ որպես անարգանք քրիստոնյաներին, հարձակվում է Երուսաղեմ քաղաքի վրա, գերեվարում է Սբ․ խաչը, կարծելով՝ քրիստոնյաներին խոնարհեցնելու և տանում է Պարսկաստան։ Հերակլ կայսրն արդեն 329-30 թվականներին մեծ բանակ է հավաքում, մասնակից են դառնում նաև հայ իշխանները և մեծ պատերազմ է լինում, հաղթում է Հերակլ կայսրը և Սբ․ խաչն ազատագրում է պարսիկներից։ Եվ քրիստոնյաները մեծ շուքով վեր են բարձրացնում և Սբ․ խաչն անցնում է նաև Հայոց աշխարհի միջով ու հասնում մինչև Կոստանդնուպոլիս։
-Խաչվերացը տոն է, այն ոչ վաղ անցյալում տոնվել է բոլորի ընտանիքներում, սակայն մեր օրերում այն տխուր երանգ է ստացել, նշվում է հատկապես այն ընտանիքներում, որտեղ այդ տարի մարդ է մահացել, ինչու՞ է տոնի իմաստը վերափոխվել և կխնդրեմ ներկայացնեք, թե ինչու՞ է այն իրականում ուրախություն համարվում։
-Ինչպես մենք Զատիկն ենք նշում, Սուրբ Ծնունդն ենք նշում, մենք նորից այցելում ենք գերեզմաններ, այս նույն պարագան Խաչվերացի դեպքում է, դա ուրախության տոն է։ Ննջեցյալների հետ այդքան էլ կապ չունեցող տոն է, որովհետև ինքը խաչն է փառաբանում։ Հաջորդ օրը մենք գնում ենք գերեզմաններ։ Մենք միշտ ուրախությամբ ենք տոնել Խաչի տոնը, փառաբանել են։ Կա խաչի հատուկ թափոր, որը խաչի բարձրացման, փառաբանման համար է։ Ավետարաններ են ընթերցվում, խաչը դուրս է բերվում։ Խաչը հաղթանակի խորհուրդն է։ Հիսուսը աշխարհին հաղթեց խաչի միջոցով։
-Ինչպե՞ս է եկեղեցին նշում այդ տոնը։
-Առավոտյան ժամերգություն, Սուրբ պատարագ, ամբողջ շարականները նվիրված են խաչի փառաբանությանը։ Առաջ շատ շուքով է նշվել, հիմա էլ է նշվում։ Քահանաները, դպիրները դուրս են գալիս և պտտեցնում են խաչը, Ավետարաններ են ընթերցվում։ Այս բոլորը կատարվում է, որպեսզի փառաբանվի խաչը։ Խաչը պատվում է ռեհաններով, որովհետև Սուրբ Հեղինե թագուհին, երբ հայտնաբերել է խաչը, այն ռեհանների մեջ էր և եկեղեցին տեսնում է ռեհանի այդ խորհուրդը։
-Տոնին կան հստակ կերակուրներ, թոնրում գառան կամ ուլի միս, հաճարով փլավ, սրանք ի՞նչ խորհուրդ ունեն։
-Եկել է ավանդությունից և այդպես էլ շարունակվում է, թող շարունակվի։ Առաջինը, որ մտնում են տուն, պետք է Սբ․ խաչի տոնը շնորհավորեն։ Ասում են՝ Սուրբ Խաչը շնորհավոր։
-Տոնի ժողովրդական անունը՝ Սըրբխեչ, որտեղի՞ց է գալիս, ի՞նչ նշանակություն ունի։
-Սըրբխեչ, Սուրբ խաչ կամ Խաչի վերացում, մի քանի ձևերով օգտագործում են, բայց բոլորը հասկանում են, որ նույն տոնի մասին է։
-Նախկինում անգամ 10-15 տարվա կտրվածքով տոնն ավելի լայն մասսայականություն ուներ, հիմա կարծես այդքան տարածված չէ այն նշելը, ինչպես օրինակ Զատիկն են նշում մարդիկ, ինչու՞ է եկեղեցական այս տոնը ավելի քիչ մասսայական։
-Այս տոնը նշում են, բայց չգիտես ինչու մտածում են, որ միայն պետք է գնան նոր հանգուցյալների տները, գյուղերում այդպես է։ Բայց կան նաև շատ գյուղեր, որտեղ կիրակի օրը չեն գնում եկեղեցիներ, երկուշաբթի են գնում։ Մեռելոցը տոնի հաջորդ օրն է՝ երկուշաբթի։ Գերեզմաններ պետք է այդ օրն այցելել։
-Ի՞նչ է արդարությունը։
-Արդարությունը՝ ամբողջ իմաստությունը Սողոմոնի առակած գիրքը, որ կարդան, ասում է՝ ո՛չ գանձը, ո՛չ ոսկին չի լինի այն, ինչ որ արդարությունն է կամ իմաստությունն է, որովհետև իմաստությունից ծնվում է արդարությունը։
-Ինչ է բարոյականությունը։
-Ճիշտ ապրելակերպ, Աստծո պատվիրաններով։
-Որտեղի՞ց է գալիս հավատքը, Աստծո կողմի՞ց է տրվում, թե մարդն ինքնուրույն է հասնում դրան։
-Հավատքը և՛ Աստծո կողմից է տրվում, և՛ մարդն է հասնում, որովհետև Հիսուսն ասում է՝ հավատքը քեզ փրկեց, այսինքն մարդը հավատաց և մոտեցավ։
Մանրամասները՝ տեսանյութում։