Սեպտեմբերի 17-21-ը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու Նյու Յորքում կայանալիք Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) 78-րդ վեհաժողովին։ Նշվում է, որ Էրդողանը կանդրադառնա Ուկրաինայի պատերազմին, Սևծովյան հացահատիկային միջանցքին, «ահաբեկչության» դեմ պայքարին և կլիմայական փոփոխություններին, հայտնում է Ermenihaber-ը։
Նշվում է նաև, որ այցի շրջանականերում Էրդողանը կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ և միասին կքննարկեն հացահատիկային միջանցքի համաձայնագիրը։
Նախատեսվում է նաև հանդիպում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Այցի ընթացքում Էրդողանը կհանդիպի նաև Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ՝ քննարկելու Թուրքիա-Հունաստան հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը։
Թուրքական կառավարության կազմից Նյու Յորք կմեկնի նաև Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը։
Նախարարը սեպտեմբերի 19-ին կմասնակցի Goldman Sachs-ի կողմից կազմակերպված Թուրքիայի ներդրումային 13-րդ համաժողովին և կհանդիպի աշխարհի առաջատար հիմնադրամների ղեկավարների և գործարարների հետ։ Սպասվում է, որ Էրդողանը կլոր սեղանի ձևաչափով կհանդիպի օտարերկրյա գործարարների և ներդրողների հետ։