Թուրք երկրաբան, գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Նաջի Գյորուրն անդրադարձել է մոտ ապագայում Թուրքիայում սպասվելիք երկրաշարժերին, փոխանցում է Ermenihaber-ը։
Ըստ նրա՝ Թուրքիայի 24 քաղաքում յուրաքանչյուր պահի կարող է ուժգին երկրաշարժ գրանցվել:
«Թուրքիայի շատ տեղերում 7 և ավելի մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը սպասելի է: Սա պետք է ընդունենք: Մեր քաղաքներից 23-24-ը գտնվում են հենց խզվածքների վրա: Խզվածքներն անցնում են այդ քաղաքների միջով: Այդ քաղաքներն իսկապես վտանգի տակ են»:
Երկրաբանը, նաև անդրադառնալով փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժերին, ընդգծել է, որ դրանց մասին ևս զգուշացումներ եղել են, սակայն թե՛ իրեն, թե՛ իր գործընկերներին ոչ ոք չի լսել:
«Յուրաքանչյուր անցած օրվա հետ մեր ժամանակն ավելի սուղ է դառնում»:
Գյորուրը փորձել է նաև նշել հնարավոր երկրաշարժերի տեղանքն ու դրանց հետևանքները: Ըստ այդմ՝ երկրաշարժերը լինելու են Մարմարա ծովում և դրա մերձակայքում՝ ամենաքիչը 7.2, ամենաշատը 7.6 մագնիտուդ ուժգնությամբ:
«Մարմարա ծովը երկրաշարժային մի ծով է, այն գոյացել է երկրաշարժի հետևանքով: Մարմարա ծովի խորքում ակտիվ խզվածք կա, ինչն էլ երբեմն երկրաշարժի է հանգեցնում: Հստակ է, թե այն երբ է լինելու, ինչ ուժգնությամբ և որտեղ: Դրա մասին ամբողջ աշխարհը գիտի»:
Գյորուրը ներկայացրել է նաև Ստամբուլում հնարավոր երկրաշարժի սցենարը: Ըստ որի՝ այն լինելու է 7.5 մագնիտուդ:
«Կհարցնեք, թե ե՞րբ է լինելու, կպատասխանեմ՝ շատ հեռու չէ այն»:
Իսկ հնարավոր երկրաշարժի վնասների մասին թուրք պրոֆեսի հաշվարկների համաձայն՝ եթե Ստամբուլում կառուցված 1.100.000 շենքից փոլւզվի թեկուզ միայն 10.000-ը, մահացած մարդկանց թիվը կկազմի 400.000, Ֆինանսական վնասն էլ կգերազանցի 150 մլրդ դոլարը:
«Ի՞սկ եթե փլուզվի 20.000 շենք»,-հավելել է երկրաբանը:
Գյորուրը կանխատեսլ է նաև հիշյալ երկրաշարժերի մեկ այլ ավելի աղետալի հետևանքի՝ շրջակա միջավայրի «աներևակայելի» ախտոտման մասին:
«Հարյուր միլիոնավոր տոննաներ թափոն ի հայտ կգա։ Ի՞նչ եք անելու այս թափոնների հետ: Ինչպե՞ս կազդեն ֆիզիկական, քիմիական և կենսաքիմիական իրադարձությունները մարդու կյանքի վրա: Ի՞նչ է լինելու մեր ծովերի ու լճերի հետ։ Ինչպե՞ս եք վերացնելու սրանք: Այս ամենը կհայտնվի երկրաշարժից անմիջապես հետո։ Ամեն ինչ արդեն ծրագրել է պետք»: