Արցախցիները քարից աղ են «քամում». Արցախը` 268 օր շրջափակման մեջ

Արցախը 268 օր է շրջապակման մեջ է։

Ադրբեջանական ապօրինի գործողությունների հետևանքով Արցախը կտրված է աշխարհից և մայր Հայաստանից։ Հնարավոր չէ սնունդ, դեղորայք և առաջին անհրաժեշտության իրեր ուղարկել Արցախ։

Ադրբեջանը շուրջ երեք ամիս է, ինչ արգելափակել է բոլոր տեսակի բեռների և հումանիտար փոխադրումները դեպի Արցախ։

Հայաստանի կողմից հուլիսի 26-ին ուղարկված 360 տոննա մարդասիրական օգնությունը դեռ Կոռնիձորում է։

Սակայն Արցախում դեռ չի հանձնվել պայքարի ոգին, ապրելու ցանկությունը և թշնամուն դիմադրելու ուժը։

Արցախում հնարավոր ամեն ինչից զրկված մարդիկ սկսել են սեփական արտադրության աղ պատրաստել։

Iravaban.net-ի հետ զրույցում արցախցի Նելլի Գրիգորյանն ասաց, որ այսօր՝ սեպտեմբերի 5-ին է առաջին անգամ աղ պատրաստել։

«Ասեմ, որ առաջին անգամ եմ աղ պատրաստում, այդ էլ կարիքից դրդված։ Շատ լավ, որակով աղ է ստացվում»,-ասաց նա։

Մեր զրուցակիցը նշեց, որ իր պատրաստած աղից տալիս է նաև նրանց, ովքեր ևս կարիք ունեն։

Նելլի Գրիգորյանը պատմում է, որ աղը ստանում են քարերից. «Աղի քարեր են սև գույն, մանրացնում ենք, լվանում, հետո ջրի մեջ լուծում թողնում մի օր, հողը տակն է նստում, մաքուր ջուրը քամում ենք, դնում կրակին եփում։ Ջուրը գոլորշիանում է, մնում է աղը»։

Նա ասաց, որ ստացվում է սովորական աղ և ունի մեր բոլորի իմացած աղի համը։

Արցախցիները ամեն կերպ պայքարում են, չեն հանձնվում և անգամ քարից աղ «քամում»։

Տեսանյութը՝ այստեղ։

Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել