Իրավաբանների հայկական ասոցիացիան, Իրավունքի Եվրոպա միավորումը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ), ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան և ՀՀ արդարադատության նախարարությունը կազմակերպել և անցկացվել են ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի նախագծի հանրային քննարկումը։ Քննարկմանը մասնակցել է 50 մասնակից պետական մարմիններից, քաղաքացիական հասարակության կազմակերպություններից և ցանցերից, փաստաբանական, բիզնես և հակակոռուպցիոն փորձագիտական հանրությունից: Բանախոսները հանդես եկան բացման խոսքով։
Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը իր խոսքում նշեց, որ քաղհասարակությունը իր գործուն դերն է ունեցել նախորդ ռազմավարությունների մշակման գործում և հույս ունի, որ 2023-2026 թվականների ռազմավարության մշակման գործում նույնպես կարևոր դեր են կատարելու։
«Անխտիր բոլորի ռեալ ներգրավումն է անհրաժեշտ, որպեսզի կոռուպցիայի դեմ պայքարը իրականություն դառնա։ Աշխարհում բոլոր երկրների համար դա մարտահրավեր է և մշտական մարտահրավեր է։ Հնարավոր չի լինի ասել, որ մենք հասել ենք այնպիսի հաջողությունների, որ այլևս անելիք չունենք այս ուղղությամբ։ Սա այն ուղղություններից մեկն է, որտեղ միշտ անելիք լինելու է։ Միշտ ունենալու ենք ձեր բոլորի կարիքը այս հարցում»,-նշեց փոխնախարարը և հավելեց, որ հույս ունի կառուցողական մթնոլորտում ապագայի տեսլականի վերաբերյալ մտքեր փոխանակել։
Այնուհետև բացման խոսքով հանդես եկավ Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։ Նա նշեց, որ ՏՀԶԿ վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կազմակերպության անդամ երկրներում կոռուպցիոն դեպքերի 68 տոկոսը գնումների ոլորտում են արձանագրվում։ Ֆինանսների նախարարության ընդհանուր քաղաքականությունը գնումների ոլորտում բացարձակ թափանցիկություն ապահովելն է։
«Ցանկացած կոռուպցիոն դեպք նշանակում է ՀՀ քաղաքացիների՝ տաժանակիր աշխատանքով վաստակած միջոցների վատնում։ Մեր նպատակն է բոլոր այդպիսի դեպքերը բացահայտել, հնարավորինս նվազեցնել։ Հասկանում ենք՝ այն երազանքը, որ կոռուպցիոն դեպքերը կհասնեն 0-ի, գրեթե անհնարին է, քանի որ զարգացած աշխարհը չի կարողանում այդ խնդիրը լուծել, բայց պետք է փորձենք դա անել։ Մենք շարունակելու ենք մեր քայլերը բացարձակ թափանցիկության հասնելու ճանապարհով»,-նշեց փոխնախարարը՝ հավելելով, որ ռազմավարության ոչ արդյունավետ իրականացումը միջոցների վատնման հնարավորություն է տալու։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն իր բացման խոսքում նշեց, որ ինչպես կազմակերպությունը, այնպես էլ գործընկերները կանգնած են ՀՀ-ում հակակոռուպցիոն բարեփոխումների ակունքներում և նրանց համար շատ կարևոր է, որպեսզի այդ բարեփոխումները ճիշտ ուղով գնան։
«Արդարադատության նախարարությունը միշտ հանդիսացել է մեր գործընկերը, անկախ պաշտոնատար անձանցից։ Մենք դիտարկում ենք նախարարությանը որպես ինստիտուտ։ Մեր ամենամեծ ձեռքբերումը պետությունն է, անկախ ՀՀ-ն և հակակոռուպցիոն քաղաքականությունն էլ օգնելու է մեզ, որպեսզի ունենանք ավելի լավ կառավարման համակարգ, կոռուպցիայից զերծ համակարգ, ունենանք բարեվարք հանրային ծառայողների դաս։ Մեր կազմակերպությունները և գործընկերները հետևողական ենք լինելու, մասնկացություն ենք ունենալու, մեր լուման ենք ներդնելու հակակոռուպցիոն քաղաքականության մշակման գործում և դրա մշտադիտարկման հարցերում։ Սուր ու փաստարկված քննադատություններ էլ կլինեն, որոնք ուղղված են համակարգը ավելի լավը դարձնելուն»,-ասաց Կարեն Զադոյանը՝ նշելով, որ ամեն ինչ անելու են ռազմավարության իրականացումը հաջողությամբ պսակելու համար։
Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) համակարգող Հովսեփ Խուրշուդյանը կարևորեց կառուցողական երկխոսությունը՝ նշեց, որ պետական համակարգը և քաղհասարակության ներկայացուցիչները համատեղ ուժերով պետք է հաղթահարեն բոլոր խնդիրները։
«Կոռուպցիայի ընկալման համաթվի բացասական միտումները հասարակության շրջանում մտահոգություն են առաջացնում, որ կոռուպցիան նորից սկսում է գլուխ բարձրացնել։ Լավ է, որ կոռուպցիան համակարգային չէ, դա տեսանելի է։ Նշանակում է, որ իշխանությունները շահագրգռված են քաղաքացիական հասարակության հետ համագործակցաբար դեմը առնել այս գործընթացի, բայց չի կարելի չտեսնել այս գործընթացի վտանգները։ Մենք Եվրամիության հետ հարաբերությունների կարևոր հեռանկարներ ունենք։ Առանց այս խնդրի հաղթահարման մենք դրան չենք կարողանա հասնել։ Կոռուպցիան դա մի ախտ է, որը երկրի բոլոր ոլորտների զարգացմանն է խոչընդոտում»,-նշեց Հովսեփ Խուրշուդյանը՝ շեշտելով, որ ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ-ը ակտիվ ներգրավվածություն ունի ռազմավարության ձևավորման գործում։
Բացման խոսքում ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը իրենց կազմակերպության առաջնահերթությունների շարքում է։ Պլատֆորմն արդեն մեկ խորհրդատվական կարծիք այդ ոլորտում մշակել է։
«Կարևորում ենք հակակոռուպցիոն այնպիսի ռազմավարության մշակումն ու ընդունումը, որը կլինի հնարավորինս ներառական, հաշվի կառնի ոլորտում առկա ամենասուր խնդիրները, հասցեական լուծումներ կներառի այդ խնդիրների համար։ Կարևոր են նաև այս թեմայով հանրային քննարկումները և դրա համար ինքներս ձեռնամուխ ենք եղել այս քննարկման կազմակերպմանը։ Հորդորում եմ, կոչ եմ անում հանրային քննարկումները ոլորտային հարթակների, կոալիցիաների, հավաքական ուժ ներկայացնող ինստիտուցիոնալ կառույցների միջոցով կազմակերպել»,-նշեց Լուսինե Հակոբյանը։
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը համոզված է. մինչև կոռուպցիան չդառնա ամոթ, սարսափելի և ոչ ձեռնտու, քիչ բան կփոխվի հասարակության շրջանում։ Նրա խոսքով՝ կաշառքը կոռուպցիոն երևույթներից «ամենաարդարն ու մրցակցայինն է»։
«Եթե ես ուզում եմ ստանալ այս կամ այն պատվերը կամ լիցենզիան և մեկ այլ գործարար նույնպես ուզում է դա ստանալ, ապա մենք մրցում ենք կաշառքի չափով։ Այնինչ, ես չեմ կարող դառնալ չինովնիկի հորեղբոր որդին, քավորը, սանիկը, կուրսեցին։ Ես չեմ գովերգում կաշառքը, ուղղակի ուզում եմ ցույց տալ, որ այս մյուս երևույթները կան ու դեռ աճում, բարգավաճում են Հայաստանում, ինչքան էլ ասում եք՝ կոռուպցիայի մակարդակը ընկել է։ Այս մյուս երևույթները խորանում են։ Պետք է զոհաբերության մակարդակի ջանք գործադրել, որպեսզի մեզ համար ինչ-որ արարքներ լինեն ամոթալի»,-նշեց Արմեն Մարտիրոսյանը՝ կարևորելով կրթության դերն արատավոր երևույթների դեմ պայքարում։
Բացման խոսքում Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Հակոբ Ավագյանը չհամաձայնեց Հովսեփ Խուրշուդյանի այն դիտարկմանը, թե Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա։ Նրա խոսքով՝ դեռ վաղ է գնահատականներ տալը։
«Ինչպես հստակ օրինակներ բերեց Արդյունաբերողների միության փոխնախագահ պարոն Մարտիրոսյանը, կոռուպցիան միայն «քեշ» փողով կաշառքը չէ։ Մենք մեր ամենօրյա կյանքում տեսնում ենք այդպիսի դեպքեր, օրինակ՝ վարչական մարմնի ղեկավարը պետական մեքենայով գնում է քարոզարշավի. կոռուպցիա՞ է, թե՞ ոչ։ Եթե սկսենք այս ամենը գնահատել, ոնց որ թե վերադառնում ենք այն տարիներին, որոնց դեմ սկսվել էր պայքարը։ Բացի այդ, սեղանի շուրջ նստած են մարդիկ, որոնք իրենց կյանքի կեսը նվիրել են հասարակական գործունեությանը ու շատ կարևոր է, որ զգանք՝ լսված ենք»,- նշեց Հակոբ Ավագյանը։
Բացման խոսքերից հետո Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պարտականությունները կատարող Հասմիկ Տիգրանյանը ներկայացրեց հակակոռուպցիոն ռազմավարության ընդհանուր նախագծի և դրանից բխող գործողությունների պլանը։ Նրա խոսքով՝ 5 ռազմավարական նպատակների ներքո են իրականացվելու գործողությունները։ Դրանք են՝
- Կոռուպցիայի կանխարգելում,
- Կոռուպցիայի հակազդում,
- Հակակոռուպցիոն կրթություն և իրազեկում,
- Գործարար բարեվարքություն, գործարար շահերի պաշտպանություն, պետություն-գործարար վարչարարության դյուրացում,
- Հակակոռուպցիոն մոնիթորինգի և գնահատման համակարգի կատարելագործում։
Կառուցակարգերի ամրապնդման համատեքստում նախատեսվում է կոռուպցիայի կանխարգելման միասնական օրենք ընդունել, որտեղ բոլոր կարգավորումները մեկ միասնական ակտում կներառվեն։ Իրավունքների պաշտպանության մեխանիզմներն են կատարելագործվելու. քննարկվում է ՄԻՊ-ի հզորացման համատեքստում դա դիտարկելը և գործարար ոլորտին կրթելը, որպեսզի իրավագիտակցության մակարդակը բարձրանա՝ իմանան, թե իրենց որ իրավունքի խախտման դեպքում որ մարմնին պետք է դիմեն և առավել հետևողական լինեն։
Նախատեսվում է պետական գնումների ոլորտի կատարելագործում, թափանցիկություն և հաշվետվողականություն, արդար մրցակցություն ապահովել։ Տիգրանյանը նաև ընդգծեց, որ կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականություն պետք է ցուցաբերեն նաև քաղաքացիները և հետևողական լինեն, որպեսզի այդպիսի խնդիրները վեր հանվեն, ինչպես նաև պահանջատեր լինեն իրենց իրավունքների հարցում։
Քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետն անդրադարձավ նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտին ու նշեց. օրենսդրությունը պետք է բարելավվի, որպեսզի այլ երկրներում գտնվող ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձը դառնա ավելի դյուրին։
Նրա խոսքով՝ այժմ քննարկվում է նաև պետգնումների շրջանակում «սպիտակ ցուցակի» ներդրման հնարավորությունը, որպեսզի հակակոռուպցիոն մեխանիզմներ ներդրած սուբյեկտները կարողանան այն խթանել։
Նախարարության ներկայացուցչի ելույթին արձագանքեց ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանն ու խոսեց հակակոռուպցիոն ռազմավարության մշակման գործընթացի ու ընթացիկ իրավիճակի մասին։ Նա նշեց, որ կարևոր արձանագրում է ուզում անել. «Ես ուզում եմ ձեզ մի գաղտնիք բացահայտեմ։ Երբ Ջերմուկում հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդը հավաքվեց՝ պարզվեց, որ ՀՀ վարչապետը` խորհրդի նախագահը տեղյակ չէ, որ մենք հակակոռուպցիոն ռազմավարություն չունենք, ես եմ այդ մասին բարձրաձայնել։ Դրանից հետո որոշվել է աշխատանքային խումբ ստեղծել՝ ռազմավարությունը մշակելու համար»։
Կարեն Զադոյանը նշեց նաև, որ ստեղծված աշխատանքային խումբը տեղյակ չի եղել ռազմավարության միջոցառումների ծրագրի մշակման մասին և դրա մասին իմացել է, երբ դրա մշակումը արդեն ավարտվել է։ Նրա խոսքով՝ հարցը բարձրացվելու է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում։
«Ռազմավարությունը պետք է մշակվի թափանցիկ և մասնակցային։ Ռազմավարության մշակման համար ձևավորված աշխատանքային խումբը պետք է տեղյակ լինի ռազմավարության միջոցառումների ծրագրի մշակման գործընթացից և որևէ խումբ քողարկված կերպով չպետք է փորձի մշակել ռազմավարության նախագիծ։ Դա կլինի իշխանության հետ փոխկապակցված ՀԿ, թե ոչ։ Մենք այս գնահատականները հրապարակային տալու ենք»,-նշեց նա։
ԻՀԱ նախագահն անդրադարձավ նաև ռազմավարության բովանդակությանը։ Նրա խոսքով՝ կարիք չկա, որպեսզի ռազմավարության ծավալն այդքան մեծ լինի, 100 էջանոց փաստաթղթի կարիք չկա։ Բովանդակային մասը, ըստ Կարեն Զադոյանի, պետք է առնվազն 2/3 մասով կրճատվի և այնտեղ պետք է տեղ գտնեն կարևոր կետերը. «Ինչպես նաև ռազմավարության մեջ պետք է խոսվի ոչ այնքան կատարված գործողություններից և ձեռքբերումներից, ինչքան խնդիրներից և մարտահրավերներից՝ մանրամասնորեն ներկայացնելով դրանք. «Ցավոք, ես այդ տեքստից նման տպավորություն չեմ ստացել։ Մենք լուրջ խնդիրներ ունենք»։
Այնուհետև ԻՀԱ նախագահը մի քանի օրինակներ բերեց։ Ռազմավարության մեջ անդրադարձ չկա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի վերաբերյալ կարևորագույն հարցերին` ինչպիսիք են Սահմանադրական դատարանում ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ գործի առկայությունը, չկա անդրադարձ Վենետիկի հանձնաժողովի կարծիքին և ինստիտուտի վերաբերյալ այլ պետությունների մասով ՄԻԵԴ-ի նոր որոշումներին, որոնք կարող են բեկումնային լինել Հայաստանի դատական պրակտիկայի համար. «Բացի ընդհանուր դատողություններից, չունենք հստակ կառուցակարգի պատկեր՝ ապօրինի ծագում ունեցող գույքի հետագա ճակատագրի վերաբերյալ։ Մի անհաջող փորձ կա, «Գոլդեն Փելեսի» գործը։ Նման լուրջ խնդիրների մասին պետք է լինի ռազմավարությունը, ոչ թե միջազգային փորձը կուսումնասիրենք, կտեսնենք՝ մեզ ոնց է ձեռք տալիս, այդպես կանենք»։
Այնուհետև Կարեն Զադոյանն անդրադարձավ կոռուպցիոն բնույթի քրեական գործերին։ Նա նշեց, որ չի խոսվում բիզնես ոլորտում տիրող վախի մթնոլորտի մասին, առաջարկեց խոսել, քննարկումներ ունենալ բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ։ Նա անդրադարձավ նաև կալանքը որպես խափանման միջոց ընտրելը չարաշահելուն. «Կալանքը պետք է կիրառել որպես բացառիկ միջոց և անձի հանդեպ ամիսներով կալանք չկիրառել»։
ԻՀԱ նախագահի խոսքով՝ ռազմավարությունում չի խոսվում ինստիտուցիոնալ մարմինների ձևավորման գործընթացում թույլ տրված սխալների մասին.
«Չեն խոսում այն մասին, որ մրցութային խորհուրդը մի կողմ ենք դեն նետել, նշանակումներ ենք անում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, հետո տեղական ու միջազգային բարձրաձայնումներով հետ ենք բերում համակարգը ու չեն խոսում այլևս դրա մասին…»։
Կարեն Զադոյանն անդրադարձավ նաև կոռուպցիային ընկալման համաթվին։ Ըստ նրա՝ համաթվի մասին խոսելիս պետք է ասել, որ հիմնական խնդիրը եղել է վարչական կոռուպցիայի հաղթահարումը. «54 թիվը որ նշել ենք, մենք փաստացի ձախողել ենք։ Մենք գիտենք, եթե 50 և ավելի է, ապա փորձագետների գնահատմամբ, դա խոսում է համակարգային կոռուպցիայի վերացման մասին։ Եթե 50-ից ցածր է, ապա համակարգային կոռուպցիա կա։ Մեր երկրում, ըստ համաթվի, համակարգային կոռուպցիա ունենք։ Այս խնդիրները պետք է գրենք, որպեսզի դրված նոր նպատակներն իրատեսական լինեն»։
Հակակոռուպցիոն փորաձգետ Մարիամ Զադոյանը խոսեց հակակոռուպցիոն ռազմավարության 3 նպատակների և ուղղությունների մասին։ Դրանք են՝
- Կոռուպցիայի կանխարգելումը,
- Կոռուպցիայի հակազդումը,
- Գործարար բարեվարքություն, գործարար իրավունքների պաշտպանություն և պետություն-գործարար վարչարարության դյուրացումը։
Գործողություններից մեկով նախատեսվում է երաշխավորել իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն փորձաքննությունը՝ մշակվող ակտերի (ex ante) և անհրաժեշտության դեպքում` դրանց հիմքում ընկած կամ դրանց հետ փոխկապակցված իրավական ակտերի (ex post) փորձաքննությունը։
«Առաջարկում ենք նախատեսել իրավական ակտերի հակակոռուպցիոն փորձաքննության ակրեդիտացման համակարգի ներդրումը, որը միջազգային փորձում տեղ գտած պրակտիկա է, որի ժամանակ փորձաքննությունը պատվիրակվում է հակակոռուպցիոն փորձագետների կամ մասնագիտացված ՔՀԿ-ների, որոնք պետության կողմից սահմանված կարգով անցել են հատուկ ակրեդիտացիա»,-նշեց Մարիամ Զադոյանը։
Գործողություններից մեկով էլ նախատեսվում է ներդնել բարեվարքության համակարգի տարրերի խախտման հիմքով պատասխանատվության միջոցների կիրառման միասնական համակարգ.
«Առաջարկում ենք նախատեսել պատասխանատվության միջոցների սահմանում.
• այլ հանրային ծառայողներին վերահսկող կամ ղեկավարող հանրային ծառայողների կողմից, այդ թվում՝ վերադաս կամ անմիջական ղեկավար հանդիսացող, ինչպես նաև առհասարակ բարեվարքության պահպանման հարցերով պատասխանատու այլ պաշտոնատար անձանց կողմից՝ այլ հանրային ծառայողների կողմից բարեվարքության համակարգի տարրերի՝ իրավիճակային շահերի բախման, նվերների ընդունման սահմանափակումների, անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների պահպանմանն կանոնների խախտումներին առնչվող իրենց վերապահված լիազորությունների չկատարման կամ ոչ լիարժեք կատարման համար,
• մի շարք իրավախախտումների առնչությամբ կարգապահական պատասխանատվություն սահմանված լինելու դեպքում՝ կիրառվող կարգապահական պատասխանատվության հստակ միջոցի սահմանում,
• միասնական մոտեցման շրջանակներում նյութական բնույթի վարչական պատասխանատվության միջոցների սահմանում»,-նշեց նա։
Բացի այդ, փորձագետն առաջարկում է նախատեսել ազդարարների պաշտպանությունն ապահովելու համար պատասխանատու մարմնի ձևավորում՝ ՏՀԶԿ ստանդարտների համապատասխան, որը
- իրականացնում է բացառապես ազդարարների պաշտպանությանն ուղղված գործառույթ(ներ) և չի կատարում այլ պարտականություններ,
- որն ունի ազդարարների դեմ հաշվեհարդարի (վնասակար գործողությունների) դեպքերի վերաբերյալ բողոքների ստացման և քննության, ինչպես նաև արտաքին և ներքին ազդարարման եղանակներով ներկայացված ազդարարումներին պատշաճ ընթացք չտալու դեպքերի և ազդարարների պաշտպանության օրենսդրության այլ պահանջների խախտումների նկատմամբ վերահսկիչ գործառույթը,
- իրավասու է կիրառել պատասխանատվության միջոցներ կամ ազդարարների՝ հաշվեհարդարից (վնասակար գործողություններից) պաշտպանության այլ միջոցներ կամ նախաձեռնել դրանց կիրառումը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, դրանց պաշտոնատար անձի կամ կազմակերպության կողմից խախտում հայտնաբերելու դեպքում,
- Քննարկել նաև այնպիսի համապարփակ մոդել, երբ ազդարարման համակարգի համար պատասխանատու լիազոր մարմնի գործունեությունը կներառի թե ազդարարման հարցերով պատասխանատուների մասնագիտական գործունեության համակարգման, թե՝ վերջիններիս գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման գործուն մեխանիզմներ։
Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը անդրադարձել է գնումների ոլորտին և դրանում առկա մարտահրավերներին։ Նա նշեց, որ այնպիսի մակարդակի պետք է հասնել, որպեսզի մեկ անձից կատարվող գնումները լինեն հազվադեպ։
«Մասնավոր հատվածից շատ ենք լսում, որ գնումների գործընթացները բարդ են, դրանցով հնարավոր չէ արդյունք ապահովել, նվազագույն գինն է թիրախավորվում, չնայած օրենքում նման բան չկա։ Այնտեղ գրված է «հատուցման դիմաց առավելագույն արդյունք»։ Դա օգտագործվում է ասելու համար, որ գնումների գործընթացը վատն է, եկեք «մեկ անձ» անենք, որ արդյունք ապահովենք։ Մենք պետք է օրենսդրությունը այն վիճակի բերենք, որ մեկ անձից գնումները կատարվեն բացառիկ դեպքերում»,-նշեց փոխնախարարը։
Հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը անդրադարձավ ևս 2 նպատակների, որոնք ներառված են ռազմավարության նախագծում։ Դրանք են՝
- Հակակոռուպցիոն կրթությունը և հանրային իրազեկումը,
- Հակակոռուպցիոն մոնիթորինգի և գնահատման համակարգի կատարելագործումը։
Փորձագետի խոսքով՝ կառուցվածքի Բաժին I-ը նվիրված է Հակակոռուպցիոն քաղաքականության ընթացիկ իրավիճակին։ Ի հակառակ վերնագրին, բաժնի նախաբանում գնահատված չէ ընթացիկ իրավիճակը, այն օբյեկտիվորեն չի արտացոլում ՀՀ-ում հակակոռուպցիոն գործողությունների իրական պատկերը և սահմանափակված է դեկլարատիվ բնույթի նախադասություններով։ Նախագծում տեղ չի գտել նաև ռազմավարության և գործողությունների ծրագրի նախագծերի մշակման գործընթացը։
Սյուզաննա Սողոմոնյանն անդրադարձավ նաև հանրային իրազեկման կառուցակարգերի կատարելագործմանը։ Նա նշեց. ընդունելի չէ, երբ հիմնական խումբ մարտահրավերները, խնդիրները և բացթողումները, որոնցով պայմանավորված այս աշխատանքները չեն տվել ցանկալի և զգալի արդյունք, չեն ներկայացվում և այս ռազմավարական ուղղությունը մշակելիս քաղված դասերի վերլուծություն առկա չէ, որոնք կլինեին հիմքային ռազմավարական ուղղության և դրանից բխող գործողությունների համար։
«Առաջարկում ենք վերաշարադրել նշված ռազմավարական ուղղության բովանդակությունը և ներկայացնել հանրային իրազեկման ոլորտում այն հիմնական մարտահրավերները, խնդիրները և բացթողումները, որոնք ի հայտ են եկել չորրորդ ռազմավարության կատարման և գնահատման ընթացքում, ինչպես նաև մասնագիտացված ՔՀԿ-ների կողմից կատարված մշտադիտարկումների (բացահայտումների) արդյունքում` շեշտադրելով նաև ազդարարման համակարգի վերաբերյալ հանրության մշակույթը փոխելու կարևորությունն ու այդ մասով Կառավարության հանձնառությունը, և այս խնդիրների լուծման մոտեցումը դնել այս ուղղության հիմքում»,-նշեց փորձագետը։
Այնուհետև ներկաները հանդես եկան ելույթներով, ներկայացրին իրենց դիտարկումները ռազմավարության նախագծի վերաբերյալ։
Առաջինը ելույթ ունեցավ «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արզուման Հարությունյանը։ Նրա խոսքով՝ առ այսօր Կառավարության կողմից չի ընդունվել մեկ միասնական մոնիթորինգային մեթոդաբանություն, որով պետք է գնահատվի կատարված աշխատանքը.
«Կարճ անդրադառնամ նաև հանրային իրազեկման խնդիրներին։ Հակակոռուպցիոն ոլորտի գործունեությունը հանրությանը ներկայացնելու մեթոդները և մեխանիզմները չեն համապատասխանում հասարակության կարիքներին։ Հակակոռուպցիոն գործունեությունը հենց հասարակության պահանջն է։ Լավ կլիներ, որպեսզի Կառավարությունն այդ գործառույթը պատվիրակեր գործող ուժեղ ՀԿ-ների»։
Գագիկ Մակարյանը` Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը, մի շարք դիտարկումներ ներկայացրեց, որոնցից առաջինը վերաբերում էր բուհերի կանոնադրությանը։ Նա առաջարկեց դրանցում ներառել այն միտքը, որ ռեկտորի պաշտոնակատարը մինչև ռեկտորի վերջնական ընտրությունները իրավունք չունենա կատարելու կառուցվածքային փոփոխություններ և կրճատումներ. «Նմանատիպ դեպքերում նկատվում են կոռուպցիոն ռիսկեր»։
Նա մեկ այլ խնդրի մասին էլ խոսեց. ՄԿՈՒ հաստատությունների կառավարման խորհրդի նախագահները դիտավորյալ չեն գումարում խորհրդի նիստեր, քանի որ խորհրդի կազմն իրենց նախընտրելի կազմը չէ։
«Պետական գնումների վերաբերյալ. պետական գնումների մասով, կարելի է ասել, որ ըստ օրենսդրության կամայականություն ավելի շատ տրվել է պաշտոնյային։ Տեխնիկական առաջադրանքով գնումները կարող են կատարված համարվել, սակայն իրականում այդ գնումները «հետամնաց» գնումներ են և չեն համապատասխանում արդի պահանջներին։ Այստեղ առկա է պետական ռեսուրսների վատնում և կոռուպցիոն մեծ ռիսկեր»,-նշեց Գագիկ Մակարյանը։
Ելույթով հանդես եկավ նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մեթոդական աջակցության վարչության պետ Տաթև Ասրյանը։ Նա նշեց, որ հանձնաժողովը իր առաջարկ նախագիծն է մշակել ու ներկայացրել նախարարությանը, ինչպես նաև խնդրել է այն շրջանառել աշխատանքային խմբի կազմում։
«Կոռուպցիայի կանխարգելման թեմատիկ խմբի ներքո ներկայացված հարցերի առնչությամբ պետք է նշեմ, որ իմ վարչությանը ենթակա ոլորտներից է իրավական ակտերի հակակոռուպցիոն փորձաքննությունը, որը նույն կոռուպցիոն ռիսկերի գնահատումն է իրավական ակտերում և դրանց նախագծերում։ Ես, իհարկե, դեմ չեմ քաղհասարակության ներկայացուցիչների հետ համագործակցությանը, բայց գիտենք, որ միջազգային պրակտիկայում դա կանխարգելման մանդատի կարևոր տարր է և, որպես կանոն, կոռուպցիոն ռիսկերի գնհատում իրականցող ստորաբաժանումներն են դրանով զբաղվում»,-նշեց Տաթև Ասրյանը։
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ Մովսես Արիստակեսյանը ներկայացրեց իր դիտարկումները ռազմավարության նախագծի վերաբերյալ։ Նա նշեց նաև, որ ավելի վաղ 23 առաջարկություն է ներկայացրել e-draft հարթակում և սպասում է դրանց վերաբերյալ նախարարության արձագանքին։
«Նախագծում գրված է. «Հաստատել. … «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի ֆինանսական գնահատականը` համաձայն հավելված 3-ի»: Սակայն այդ 3-րդ հավելվածը ԱՆ պաշտոնական կայքէջում չկա, ինչպես նախկինում էր: Այս պարագայում քաղաքացիական հասարակությունն ինչպես առաջարկվող նախագծերի վերաբերյալ կարծիք հայտնելիս, այնպես էլ՝ իր այլընտրանքային մշտադիտարկման ժամանակ չի կարող գնահատել ռազմավարության և գործողությունների ծրագրի իրականացման ֆինանսական արդյունքները:
Հետևապես առաջարկում ենք պաշտոնական կայքէջում լրացնել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի ֆինանսական գնահատականի մասին հավելված 3-ը»,-նշեց Մովսես Արիստակեսյանը:
Քննարկմանը ներկա էր նաև Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր Լիզա Գրիգորյանը։ Նա նշեց, որ վերապատրաստումներն անհրաժեշտ են ոչ միայն մասնագետներին, այլև ՀԿ-ների աշխատակազմերին։
«Եվ այս լույսի ներքո պետք է ոչ միայն ռազմավարության մեջ գրել միայն վերապատրասումների իրականացման մասին, այլև մանրամասնորեն ներկայացնել յուրաքանչյուր ոլորտում վերապատրաստված անձանց թիվը, և թե արդյոք կարողանում է կիրառել տվյալ օրենքը վերապատրաստումից հետո։ Դրանով իսկ պետք է ցույց տրվի տվյալ վերապատրաստումների արդյունքը։ Պետք է հավաստիանանք, որ գործողությունը չի կրի ձևական բնույթ և կունենանք չափելի ցուցանիշներ»,-նշում է դատավորը։
«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը խոսեց նման քննարկումների կարևորության մասին։
«Պետությունը պետք է ռազմավարական մակարդակում հստակ քայլեր ձեռնարկի ներքին պետական և քաղաքացիական հասարակության ռեսուրսները զարգացնելու և այդ միջոցներով արդյունքի հասնելու համար»,-նշեց նա։
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության իրավաբան, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ Արկադի Սահակյանն առաջարկեց, որպեսզի բարձրագույն ուսումնական հաստատությունների, մասնավորապես իրավագիտության ֆակուլտետների կրթական ծրագրերում ներառվեն հակակոռուպցիոն թեմաներ։
«Բացի այդ, յուրաքանչյուր 3 տարին մեկ ռազմավարության լրամշակում պետք է իրականացվի։ Տեխնոլոգիական բուռն զարգացման այս ժամանակաշրջանում կարող են լինել դեպքեր, երբ ռազմավարության տվյալ գործողության իրականացման նպատակով նախատեսված է ռեսուրսների ծախս, որի անհրաժեշտությունն այլևս չկա։ Հետևաբար, շատ կարևոր է ռազմավարության պարբերաբար լրամշակումը՝ համահունչ քայլելով տեխնոլոգիական զարգացման հետ»,-նշեց Արկադի Սահակյանը։
Ելույթները լսելուց հետո դրանց արձագանքեց ԱՆ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պաշտոնակատար Հասմիկ Տիգրանյանը։
Նա նշեց, որ իրազեկման խնդիրների հետ կապված այժմ մշակման փուլում է ազդարարման իրազեկման ծրագիրը, հաջորդիվ մշակվելու է հակակոռուպցիոն իրազեկման ծրագիրը, որն իրականացվելու է ՀԿ-ների հետ համագործակցության միջոցով։
«Մշակվելու է առանձին հաղորդակցման գործողությունների ծրագիր և այս ռազմավարությամբ ներդրվում է հարցումների իրականացման միասնական մեթոդաբանություն, որը կօգնի բարձրաձայնել և հավաքագրել մի շարք խնդիրներ»,-նշեց նա։
Քննարկման արդյունքում հնչած առաջարկությունները կհավաքագրվեն և կներկայացվեն Արդարադատության նախարարությանը։