Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է արևմտյան երկրների ներկայացուցիչների հայտարարությունները, թե «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը սպանվել է Կրեմլի հրամանով։ Նրա պատասխանի մասին ձայնագրությունը հրապարակել է «Մայակ» ռադիոկայանը, փոխանցում է Meduza-ն։
BBC-ի թղթակիցը Պեսկովին խնդրել է մեկնաբանել Պրիգոժինի բիզնես-ջեթի կործանմանը Կրեմլի հնարավոր մասնակցության մասին տեղեկությունները:
Ի պատասխան՝ Կրեմլի խոսնակն ասել է, որ այս ավիավթարի և «ինքնաթիռի ուղևորների, այդ թվում՝ Եվգենի Պրիգոժինի» ողբերգական մահվան շուրջ «շատ շահարկումներ կան»։
«Իհարկե, Արևմուտքում այս բոլոր շահարկումները ներկայացվում են որոշակի տեսանկյունից։ Այս ամենը բացարձակ սուտ է»,- ասել է Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հորդորել է «հիմնվել փաստերի վրա», որոնք, ըստ նրա, դեռ շատ չեն։
Պեսկովը հիշեցրել է, որ նախօրեին նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է Տվերի մոտ տեղի ունեցած ավիավթարի մասին․ «Նախագահն ասել է, որ սպասում է հետաքննության արդյունքներին, որոնք կստացվեն տեսանելի ապագայում»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի ԱԻՆ-ի տվյալներով՝ Տվերի մարզում՝ Կուժենկինո գյուղի մոտ, Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ թռչող Embraer Legacy մասնավոր ինքնաթիռը վթարի է ենթարկվել։
Հրապարակվել էր, որ ըստ ուղևորների ցուցակի՝ զոհվածների թվում է Եվգենի Պրիգոժինը։