Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը հիմք ընդունելով ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանի դիմումը՝ 2013թ. սեպտեմբերի 27-ի նիստում որոշել է վերջինիս ազատել զբաղեցրած պաշտոնից:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի հրամանով ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար Կարեն Փոլադյանը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատական դեպարտամենտը:
Նշենք, որ համաձայն ՀՀ դատական օրենսգրքի՝ դատարանների նախագահների խորհուրդը վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացմամբ նշանակում և հետ է կանչում Դատական դեպարտամենտի ղեկավարին: Ըստ հիշյալ օրենսգրքի՝ Դատարանների նախագահների խորհրդի նախագահը, ով ի պաշտոնե վճռաբեկ դատարանի նախագահն է, դատարանների նախագահների խորհրդին է ներկայացնում Դատական դեպարտամենտի ղեկավարի թեկնածությունը և նրան աշխատանքից ազատելու մասին առաջարկությունը:
Ավելի վաղ Իրավաբան.net-ը տեղեկացրել էր, որ պաշտոնատար անձի կողմից խոշոր չափի կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի ղեկավար Միսակ Մարտիրոսյանը հարցաքննվել է որպես կասկածյալ: Մարտիրոսյանը կասկածվում է աշխատանքի ընդունելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ:
Սեպտեմբերի 26-ին որոշում էր կայացվել Մ.Մարտիրոսյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին:
Իրավաբան.net