«Վագների» տեխնիկան վնասել է 10 հազար քմ ճանապարհներ Դոնի Ռոստովում

«Վագներ» խմբավորման ռազմական տեխնիկան Դոնի Ռոստովում վնասել է ճանապարհի ավելի քան 10 հազար քառակուսի մետր տարածք, հայտնել է քաղաքապետ Ալեքսեյ Լոգվինենկոն Telegram-ի իր ալիքում։

«Նախնական տվյալներով վնասվել է ավելի քան 10000 քմ ավտոճանապարհ, ամենաշատը տուժել է Բուդեննովսկի պողոտան»,- գրել է նա։

Քաղաքապետը նշել է, որ կոմունալ ծառայությունները կսկսեն վերանորոգել այն այսօր, աշխատանքները նախատեսվում է ավարտել երկու օրից։

Բացի այդ, Լոգվինենկոն հավելել է, որ առավոտյան կոմունալ ծառայությունները կարգի են բերել Հարավային ռազմական օկրուգի շտաբի շրջակայքը, աղբը հանել կրկեսից և քաղաքի կենտրոնում գտնվող փողոցներից։

Հիշեցնենք, որ հունիսի 23-ի երեկոյան Եվգենի Պրիգոժինը Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը մեղադրել է իր վարձկանների ճամբարի վրա հարձակվելու համար։ Դրանից հետո նա հայտարարել է, որ իր մարտիկներն ուղարկվել են Ռուսաստանում «անօրինությունների» հետ «զբաղվելու»։ Հաջորդ առավոտյան վագներցիները վերահսկողության տակ են վերցրել Դոնի Ռոստովը և շարժվել են դեպի Մոսկվա։ Պրիգոժինը պահանջել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին հանձնել վարձկաններին։

Հունիսի 24-ի երեկոյան Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը հայտարարել է Պրիգոժինի հետ նրա բանակցությունների մասին, որի ընթացքում վերջինս համաձայնել է դադարեցնել վարձկանների շարժը դեպի Մոսկվա։ Ինքը՝ Պրիգոժինը, ասել է, որ վարձկանները «ծրագրի համաձայն հեռանում են դաշտային ճամբարների հակառակ ուղղությամբ»։ Դրանից հետո Կրեմլը հայտարարել է, որ Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը կարճվելու է, և նա ինքը կմեկնի Բելառուս։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել