Դեռևս հունիսի 21-ին ամերիկյան հետախուզությունը Սպիտակ տան զինվորականներին և բարձրաստիճան ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ «Վագներ» զինված խմբավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժինը պատրաստվում է խռովություն կազմակերպել երկրի ռազմական ղեկավարության դեմ։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։
Ինչպես գրում է The Washington Post-ը, ԱՄՆ հետախուզությունը Պրիգոժինի ծրագրերի մասին տեղեկություն է ստացել հունիսի կեսերին։ ԱՄՆ-ը ստույգ տվյալներ չուներ այն մասին, թե ինչ է պատրաստվում անել զինված խմբավորման ղեկավարը և այդ ծրագրերի իրականացման ժամկետները․ «Բավական ազդանշաններ կային, որպեսզի կարողանայինք ղեկավարությանը ասել, որ ինչ-որ բան է կատարվում»։
The New York Times-ը, հղում անելով զրուցակիցներից մեկին, նշում է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում «մեծ մտահոգություն» է եղել, թե ինչ կարող է տեղի ունենալ Ռուսաստանում՝ արդյոք Վլադիմիր Պուտինը կմնա իշխանության և ինչպես ցանկացած անկայունություն կազդի ռուսական միջուկային զենքի վերահսկման վրա։
Հիշեցնենք, որ հունիսի 23-ի երեկոյան Եվգենի Պրիգոժինը Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը մեղադրել է իր վարձկանների ճամբարի վրա հարձակվելու համար։ Դրանից հետո նա հայտարարել է, որ իր մարտիկներն ուղարկվել են Ռուսաստանում «անօրինությունների» հետ «զբաղվելու»։ Հաջորդ առավոտյան վագներցիները վերահսկողության տակ են վերցրել Դոնի Ռոստովը և շարժվել են դեպի Մոսկվա։ Պրիգոժինը պահանջել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին հանձնել վարձկաններին։
Հունիսի 24-ի երեկոյան Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը հայտարարել է Պրիգոժինի հետ նրա բանակցությունների մասին, որի ընթացքում վերջինս համաձայնել է դադարեցնել վարձկանների շարժը դեպի Մոսկվա։ Ինքը՝ Պրիգոժինը, ասել է, որ վարձկանները «ծրագրի համաձայն հեռանում են դաշտային ճամբարների հակառակ ուղղությամբ»։ Դրանից հետո Կրեմլը հայտարարել է, որ Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը կարճվելու է, և նա ինքը կմեկնի Բելառուս։