Իրավաբան.net-ն արդեն տեղեկացրել է, որ սեպտեմբերի 18-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Քեմբրիջի շրջանավարտի և նրա ընկերների գործով շարունակվել է դատական նիստը: Առաջինը հարցաքննվել է վկա Մռազ Մստոյանը:
Դատարանը հարցաքննեց նաև տուժող Սիաբանդ Խուդոյանի երկու հարևաններին` ազգությամբ եզդի այր ու կին վկաներ Միշա Նավոյանին ու Փորսոր Թամոյանին:
Վկա Միշա Նավոյանը դատարանին հայտնեց, որ մինչև 3-րդ դասարան է դպրոց գնացել: Ավելի ուշ պարզվեց, որ նախաքննության ժամանակ իր պատմածները գրի առած քննիչի կազմած տեքստն ինքն անձամբ չի կարդացել, այլ պարզապես ստորագրել է. իր հորեղբոր տղան է կարդացել իր համար:
Վկան պատմեց, որ 2013 թվականի հունվարի 6-ի գիշերը կնոջ ձայնից է արթնացել: Պատուհանից տեսել է արագ սլացող մի մեքենա և թե ինչպես է դիմացի հարևանի խոտի դեզի մոտ վառվող կրակը մարում:
Նրա ցուցմունքը հակասական էր: Սկզբում նշեց, որ դեպքից հետո իր ու ընտանիքի անդամների մոտ վախ չի առաջացել, հետո նշեց, որ վախեցել են, գիշերները լավ չեն քնել, մտածել են, որ հնարավոր է իրենց գույքին էլ որևէ մեկը վնաս հասցնի: Նա նշեց, որ հունվարի 6-ին էլ է խոտի տուկ այրվել. ինքն անձամբ է տեսել: Նաև վառված շուն է տեսել: Մյուս օրերին, երբ հարևան Սիաբանդ Խուդոյանի դեզը կրկին փորձել են վառել, ինքը գյուղում չի եղել, անձամբ ոչինչ չի տեսել:
Վկա Փորսոր Թամոյանը հունվարի 6-ի գիշերը դրսից կրակի բոց է նկատել ու արթնացրել ամուսնուն` Միշա Նավոյանին: Լուսամուտին մոտենալիս` տեսել է, որ մի մեքենա է անցել, ուրիշ ոչինչ չի տեսել:
«Մենք հելանք դուրս, ասացին, որ շների մոտ են կրակ գցել: Ես էլ մոտ չեմ գնացել: Թողել եմ, գնացել տուն»,- ասաց Փորսոր Թամոյանը: Մյուս օրերի մասին, երբ ինչ-որ մարդիկ փորձել են կրկին վառել հարևան Սիաբանդ Խուդոյանին պատկանող խոտի դեզը, ինքն անձամբ ոչինչ չի տեսել:
Պաշտպանական կողմի հարցերից պարզ դարձավ, որ վկա Փորսոր Թամոյանը ևս նախաքննության ժամանակ իր պատմածները գրի առած քննիչի կազմած տեքստը չի կարդացել, միայն ստորագրել է:
Վկան դատարանին հայտնեց նաև, որ դեպքից հետո իրենք չեն վախեցել:
Դատարանը սեպտեմբերի 18-ին ավարտեց երեք վկաների հարցաքննությունը և կրկին որոշում կայացրեց բերման ենթարկել գործով մյուս վկա Նարինե Միրզոյանին: Ոստիկանները չէին կարողացել բերման ենթարկել նրան Ջերմուկի սարերում լինելու պատճառով:
Գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net