Պոլիտեխնիկի մասնաշենքերից մեկի տանիքին սկսել է գործել արևային ֆոտէլեկտրական կայանը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը, ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կալին Անաստասովը և ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը մասնակցեցին համալսարանի 17-րդ մասնաշենքի տանիքին 30 կՎտ հզորությամբ արևային ֆոտէլեկտրական կայանի գործարկմանը։

Նախագիծը ֆինանսավորվել է Բուլղարիայի Կառավարության կողմից «Կրթության որակի բարձրացումը կայուն նորարարական տեխնոլոգիաների միջոցով» ծրագրի շրջանակներում:

Գոռ Վարդանյանը նշեց, որ ծրագիրը պետք է համալսարանում նոր արժեք ստեղծի 2 ուղղությամբ․ մասնագիտական կարողությունների բարելավում, համալսարանի ֆինանսական կայունության գործընթացում ներդրում։ Ռեկտորի խոսքով՝ նպատակ կա մասնաշենքերի տանիքում 736 կՎտ հզորությամբ արևային կայաններ տեղադրել, որով կծածկվի համալսարանի տարվա կտրվածքով էլեկտրաէներգիայի ծախսը (55-60 միլիոն դրամ)։ Այդ գումարը կուղղվի կրթության որակի բարձրացմանը։

«Որոշեցինք կառուցել կայանը, որը պետք է իրականացվի համալսարանի գիտական, հետազոտական, ինժեներական կադրերի միջոցով։ Երբ սկզբում խոսում էինք այս մասին, մեր գործընկերների շրջանում թերհավատություն էինք տեսնում։ Նրանք չէին պատկերացնում, թե ինչպես պետք է այս ծրագրի ճանապարհն անցնենք և հաջողություն գրանցենք։ Ես կասեմ՝ ինչպես․ Պոլիտեխնիկի մասնագիտական, գիտական, ինժեներական հզոր թիմի միջոցով»,-նշեց ռեկտորը՝ շնորհակալություն հայտնելով ծրագրում ներգրավված անձանց։

Կայանն արդեն 7 օրվա ընթացքում համալսարանին 43-44 հազար դրամի օգուտ է տվել։

Տիգրան Ավինյանը իր խոսքում ընդգծեց, որ էներգաարդյունավետությունը և էներգախնայողությունը մերօրյա աշխարհի կարևոր գործոններից մեկն են։ Փոխքաղաքապետի խոսքով՝ կարևոր է ոչ միայն գումարի խնայողությունը, այլ նաև այն, որ համալսարանի սպառած էներգիան «կանաչ» է լինելու․ «Բոլորիս շնորհավորում եմ, շնորհակալություն եմ հայտնում Բուլղարիայի դեսպանատանը։ Բոլորիս մաղթում եմ, որպեսզի նմանատիպ ծրագրեր Պոլիտեխնիկում հաճախ լինեն»։

Կալին Անաստասովը շնորհավորեց պոլիտեխնիկցիներին 30 կՎտ արևային էլեկտրակայանի կառուցման աշխատանքների հաջող ավարտի և մաքուր, վերականգնվող էներգիայի արտադրության մեկնարկի կապակցությամբ։ Նա գիտի, որ համալսարանը հարուստ պատմություն ունի, Հայաստանում տեխնոլոգիական կրթության և նորարարության կենտրոն համարվող կրթօջախ է։

«Ուրախ եմ, որ այս նախաձեռնությամբ Բուլղարիայի Հանրապետությունը նպաստում է կայուն զարգացման կարևոր գործին և այս համալսարանին, որը Հայաստանի ամենապատկառելի ուսումնական հաստատություններից մեկն է։ Չափազանց հպարտ եմ, որ այսօր ձեզ հետ եմ»,-նշեց նա։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել