Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները և երիտասարդ դասախոսները մասնակցել են բացառիկ հեռավար դասընթացների, որն իրականացրել է Հարավային Կալիֆոռնիայի «Վիտերբի» ինժեներական դպրոցը։ Հունիսի 12-ին Պոլիտեխնիկում կազմակերպված միջոցառման ժամանակ նրանք կիսվեցին իրենց տպավորություններով և ստացան դասընթացի մասնակցության իրենց սերտիֆիկատները։ Միջոցառմանը մասնակցում էր նաև Հարավային Կալիֆոռնիայից ժամանած պատվիրակությունը։
Մոդուլային դասընթացներն իրականացվել են արհեստական բանականության և կիբեռանվտանգության մասնագիտությունների թեմաներով։ Դասընթացների տևողությունը կազմել է 8 շաբաթ։
Բարերաներ Գարո Արմենի, Ալեքսանդր Եսայանի, Վահե Կուզոյանի, Չարլզ Ղայիլյանի և Արմեն Եմենջյանի կողմից ծրագրի իրականացման համար հավաքագրվել էր 130 հազար ԱՄՆ դոլար, ինչի շնորհիվ պոլիտեխնիկական համալսարանի 28 ներկայացուցիչ հնարավորություն է ստացել մասնակցել այդ դասընթացին։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ հյուրերի աջակցությամբ հնարավորություն ստեղծվեց համալսարանի ուսանողների և դասախոսների համար ապահովել միջազգային կրթություն։
«Այս օրվան մեր ուսանողները շատ են սպասել, որպեսզի իրենց չարչարանքի արդյունքը հավաստվի սերտիֆիկատների տեսքով։ Վստահ եմ՝ այդ սերտիֆիկատները, որպես միջազգային շարունակական կրթական մի կոմպոնենտ, մեծ ուղեկից են լինելու հետագա կրթական հաջողությունների և նախաձեռնությունների համար»,-նշեց նա՝ շնորհակալություն հայտնելով ներկաներին։
Համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Ալեքսանդր Եսայանը հույս հայտնեց, որ ծրագիրը շարունակական կլինի։ Նրա խոսքով՝ այլ համալսարանների հաջողված փորձը պետք է նպաստի հայաստանյան համալսարանների կրթության որակի բարձրացմանը։
Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի գրականության, արվեստի և գիտության-հայագիտության ինստիտուտի տնօրենների խորհրդի նախագահ, հայազգի բարերար Չարլզ Ղայիլյանը իր շնորհակալությունը հայտնեց ներկաներին և նշեց, որ 15 տարի է՝ ընտանիքներով այցելում են Հայաստան։ «Հետամուտ կլինենք գտնելու նոր ոլորտներ, նոր հնարավորություններ և համագործակցության եզրեր։ Պոլիտեխնիկը կշարունակի զարգանալ ու նոր նվաճումներ ունենալ»,-նշեց նա։
Միջոցառմանը մասնակցում էր նաև Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի ճարտարագիտական դպրոցի դեկան Յանիս Յորցոսը։
Իր խոսքում նա ընդգծեց՝ տեխնոլոգիաները չափազանց արագ են զարգանում և դրանք կարևոր նշանակություն ունեն առկա խնդիրների լուծման գործում, ներառյալ ապահովությունն ու անվտանգությունը։
«Ուսանողներն իրենց առաջադիմությամբ և գործով կհաստատեն իրենց նվիրվածությունը։ Շնորհակալություն եմ հայտնում Պոլիտեխնիկի ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմին՝ նվիրված աշխատանքի համար»,-ասաց դեկանը։
Այնուհետև դասընթացին մասնակցած ուսանողները կիսվեցին իրենց տպավորություններով և նրանց հանձնվեցին դասընթացին ունեցած մասնակցության սերտիֆիկատները։