Ուկրաինական ուժերը վերջին երեք օրվա ընթացքում հարձակում են ձեռնարկել ռազմաճակատի տարբեր հատվածներում, սակայն չեն հասել իրենց նպատակներին, փոխարենը կրել են զգալի և անհամադրելի կորուստներ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մարտական գործողությունների 3 օրվա ընթացքում բոլոր ուղղություններով Ուկրաինայի ԶՈՒ կորուստները կազմել են 3715 զինծառայող, 52 տանկ, 207 զրահամեքենա, 134 ավտոմեքենա, 5 ինքնաթիռ, 2 ուղղաթիռ»,- նշել է Սերգեյ Շոյգուն։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը հետ մղելու ընթացքում զոհվել է 71 ռուս զինվորական, 210-ը՝ վիրավորվել։ Բացի այդ, խոցվել են 15 ռուսական տանկ, 9 զրահամեքենա, 2 ավտոմեքենա և 9 հրանոթ:
Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան հայտարարել էր, որ Կիևը բավականաչափ զենք ունի հակահարձակում սկսելու համար։ Նրա խոսքով՝ հակահարձակումն Ուկրաինային թույլ կտա հաղթել, ինչն անհրաժեշտ է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: