Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Բաքվի և Երևանի միջև կոնկրետ քարտեզի հիման վրա ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածություններ չեն եղել։
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունն անընդունելի է համարել հունիսի 4-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները՝ նշելով, թե Գրիգորյանը «հերթական անգամ փորձել է խեղաթյուրել մի շարք հարցերի էությունը՝ մոլորեցնելով թե՛ միջազգային հանրությանը, թե՛ հայաստանյան հանրությանը»:
Ըստ Բաքվի՝ Երևանը ձգտում է խուսափել իր ստանձնած պարտավորություններից: Արմեն Գրիգորյանը հարցազրույցում, մասնավորապես նշել է, թե Քիշնևում առնվազն սահմանազատման և 1975 թվականի քարտեզի մասով որոշակի առաջընթաց ունեն. «Մենք չենք կարող ասել, որ վերջնական այլևս լուծված է այդ հարցը, բայց առաջընթաց ունենք»:
Ճշտող հարցին, թե կողմերը համաձայնե՞լ են 1975 թվականի քարտեզները հիմք ընդունել, Գրիգորյանը պատասխանել է․ «Դա ավելի ուժեղ ձևակերպում է, քան քննարկումներ են եղել, իդեալական կլիներ, որ այդպես լիներ, բայց դեռևս այդ մակարդակին չենք հասել և շարունակելու ենք բանակցությունները, որ հասնենք դրան»։
Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ Պրահայում (2022թ. հոկտեմբերի 6-ին ) և Սոչիում (2022թ. հոկտեմբերի 31 -ին) հանդիպումներին հաջորդած պայմանավորվածությունների համաձայն՝ «նախատեսվում է իրականացնել սահմանի սահմանազատում տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա»․ «Հայկական կողմը քաջատեղյակ է, որ այս և մյուս հանդիպումներում որևէ քարտեզի հիման վրա սահմանազատման շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել»։
Ըստ միջազգային պրակտիկայի, շարունակել է նախարարությունը, «ի տարբերություն Հայաստանի, սահմանազատման գործընթացը, որը մինչ այժմ Ադրբեջանը իրականացրել է իր որոշ հարևանների հետ, իրականացվել է ոչ թե հատուկ ընտրված քարտեզի հիման վրա, այլ վերլուծությունների և իրավական նշանակություն ունեցող բոլոր փաստաթղթերի ուսումնասիրման հիմքով»:
«Այս պրակտիկայի կիրառումը հնարավոր է նաև Հայաստանի դեպքում։ Կոնկրետ այս դեպքում ավելի օգտակար կլիներ, որ հայկական կողմը 1975 թվականի քարտեզը պնդելու փոխարեն սկսեր սահմանազատման աշխատանքները»,- հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ից՝ առաջարկելով «չմոռանալ, որ Հայաստանն էր, որ երկար ժամանակ չէր արձագանքում ոչ մի առաջարկի», որոնք արվում էին Ադրբեջանի կողմից Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո: