Վարորդական վկայական ստանալու համար քննություն հանձնողները ի՞նչ պետք է անեն քննության ժամանակ և ի՞նչ հմտություններ պետք է ունենան

Կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 385-Ն որոշմամբ սահմանված են վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը, ազգային վարորդական վկայականի ձևը և նկարագիրը, միջազգային վարորդական վկայականի ձևը և նկարագիրը։

Iravaban.net-ը հայտնում է, որ որոշման կարգի 7-րդ մասով սահմանված են վարորդի թեկնածուի տրանսպորտային միջոցներ վարելու հմտությունները և վարքագծերը։

Կարգի համաձայն՝ «AM» և «A1» ենթակարգերի, «A» կարգի տրանսպորտային միջոց վարելու հմտությունները և վարքագիծը քննությունների միջոցով ստուգելու ժամանակ վարորդի թեկնածուները պետք է ցույց տան, որ կարող են անվտանգ վարել՝ բավարարելով հետևյալ պահանջները՝

1) հագնել ձեռնոցները և կոճկել պաշտպանիչ սաղավարտը.

2) ստուգել անվադողերի, արգելակների, ղեկանիվի, վթարային կանգառի ճանաչման նշանի (առկայության դեպքում), շղթայի, յուղի մակարդակի, լույսերի, անդրադարձիչների, ուղղության ցուցիչների, ձայնային ազդանշանման սարքի վիճակը.

3) մոպեդը կամ մոտոցիկլը դնել հենակի վրա և հանել դրա վրայից ու շարժել այն՝ առանց շարժիչի օգնության.

4) մոպեդը կամ մոտոցիկլն իր հենակի վրա կայանել.

5) անցնել ցածր փոխանցումից բարձրի և հակառակը.

6) կատարել շրջադարձեր և հետադարձեր՝ առանց ոտքերը ոտնակից վերցնելու.

7) ղեկավարել մոպեդը կամ մոտոցիկլը մեկ ձեռքով.

8) ցածր արագությամբ կատարել առնվազն երկու մանևր, ներառյալ՝ ոլորաշարժում կատարելը: Դա հնարավորություն կտա գնահատելու վարորդի՝ կցորդման և արգելակի հետ միաժամանակ աշխատելու, հավասարակշռությունն ու տեսադաշտը չկորցնելու, մոտոցիկլի վրա նստելու ու ոտքերի համար նախատեսված հենակների վրա ոտքերը դիրքավորելու հմտությունը.

9) բարձր արագությամբ կատարել առնվազն երկու մանևր, ընդ որում, մեկ մանևրը՝ երկրորդ կամ երրորդ փոխանցմամբ, առնվազն 30 կմ/ժ արագությամբ, իսկ մյուս մանևրը՝ առնվազն 50 կմ/ժ արագությամբ՝ շրջանցելով խոչընդոտը: Դա հնարավորություն կտա գնահատելու վարորդի՝ մոպեդի կամ մոտոցիկլի վրա նստելու, տեսադաշտը և հավասարակշռությունը չկորցնելու, ղեկային կառավարման հմտությունը և փոխանցումները փոխելու հմտությունը.

10) արգելակում՝ արգելակման առնվազն երկու վարժություն պետք է կատարվի, ներառյալ՝ առնվազն 50 կմ/ժ արագության ժամանակ վթարային արգելակում կատարելը: Դա հնարավորություն կտա գնահատելու վարորդի՝ առջևի և հետևի արգելակների, տեսադաշտը չկորցնելու և մոպեդը կամ մոտոցիկլի վրա նստելու հմտությունը.

11) երթևեկելը՝ կայանելուց, երթևեկության ժամանակ կանգնելուց, ճանապարհից դուրս գալուց հետո.

12) երթևեկելը ճանապարհի ոլորաններով.

13) խաչմերուկները հատելը՝ ճանապարհների հատումներին և միացումներին հասնելն ու դրանք հատելը.

14) ուղղությունը փոխելը՝ կատարել ձախ և աջ շրջադարձ, երթևեկության գոտիները փոխելը.

15) տրանսպորտային միջոցից իջնելիս անհրաժեշտ նախազգուշական միջոցներ ձեռնարկելը:

«B», «B1», «BE», «C», «CE», «C1», «C1E», «D», «DE», «D1» և «D1E» կարգերի ու ենթակարգերի տրանսպորտային միջոց վարելու հմտություններն ու վարքագիծը քննությունների միջոցով ստուգելու ժամանակ վարորդի թեկնածուները պետք է ցույց տան, որ կարող են անվտանգ վարել՝ բավարարելով հետևյալ պահանջները՝

1) նախապատրաստվել երթևեկությունը սկսելուն (hարմարեցնել նստատեղն այնպես, որ ստացվի ճիշտ նստած դիրք, hարմարեցնել հետին տեսանելիության հայելիները, ամրագոտիները, գլխակալները (առկայության դեպքում), ստուգել, թե արդյոք դռները փակ են, ստուգել անվադողերի, ղեկանիվի, արգելակների, հեղուկների (օրինակ՝ շարժիչի յուղը, սառեցնող հեղուկը, դիմապակին լվանալու հեղուկը), լույսերի, անդրադարձիչների, ուղղության ցուցիչների և ձայնային ազդանշանման սարքի վիճակը: Տրանսպորտային միջոցի բեռնային բեռնախցիկի դռները, սրահի փակված լինելը, կապակցման մեխանիզմները, արգելակը և էլեկտրական միացումները (միայն «BE» կարգի համար): Ստուգել ուժեղացմամբ արգելակման և ղեկավարման համակարգերը, ստուգել անիվների, անիվների պնդօղակների, անվածածկոցների, հողմապակու, ապակեմաքրիչների վիճակը, ստուգել օդի ճնշումը, խտացված օդի բալոնները և օդաճնշական կախոցները, ստուգել տրանսպորտային միջոցի բեռնային բեռնախցիկի դռները, սրահի փակված լինելը (առկայության դեպքում), ստուգել կապակցման մեխանիզմները, ինչպես նաև արգելակը և էլեկտրական միացումները (միայն «CE», «C1E», «DE», «D1E» կարգերի ու ենթակարգերի համար).

2) սկսել երթևեկությունը (գործարկել շարժիչը, անջատել կայանման արգելակը, միացնել թարթիչը, առանց շարժիչը հանգցնելու սահուն սկսել երթևեկությունը).

3) երթևեկելը՝ կայանելուց, ճանապարհից դուրս գալուց հետո, երթևեկելն ուղիղ ճանապարհներով, այդ թվում՝ փակ տարածքներում, երթևեկելը ճանապարհի ոլորաններով, խաչմերուկները հատելը՝ ճանապարհների հատումներին և միացումներին հասնելն ու դրանք հատելը.

4) առանց շարժիչը հանգցնելու, 20 սմ-ից ոչ ավելի հետ գլորում թույլ տալով սահուն շարժվելով սկսել երթևեկությունը վերելքի վրա.

5) սահմանափակ լայնությամբ տեղամասում առանց շարժիչը հանգցնելու և սահմանափակ լայնությամբ տեղամասի սահմանագծից դուրս գալու հետին փոխանցման մեկանգամյա միացումով կատարել հետադարձ.

6) կատարել երթևեկության գոտիների փոփոխություն.

7) վազանցը (անցնելը)` տրանսպորտային մյուս միջոցներին վազանցելը (հնարավորության դեպքում), խոչընդոտների, օրինակ` կայանած մեքենաների կողքով վարելը.

8) կատարել շրջադարձ.

9) կատարել հետադարձ.

10) կանգնեցնել ավտոմոբիլը (միացնել թարթիչը, հանգցնել շարժիչը, կայանման արգելակ, փոխանցման տուփի լծակ):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել