Արամ Վարդանյանի ներկայացուցիչները միջնորդեցին դատախազության հայցն առանց քննության թողնել

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում այսօր՝ մայիսի 18-ին, շարունակվեց Արամ Վարդանյանի (հայտնի է «Վստրեչի Ապեր» անվամբ), նրա որդու և դստեր դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստի սկզբում նախագահող դատավոր Կարապետ Բադալյանը կողմերից դիրքորոշում հարցրեց դատական նիստը լուսանկարահանելու և տեսանկարահանելու վերաբերյալ։ Ինչպես պատասխանող Արամ Վարդանյանը, որը ներկայացել էր նիստին, այնպես էլ պատասխանողների ներկայացուցիչներ Լուսինե Սահակյանը և Արամազդ Կիվիրյանը նշեցին, որ առարկում են։ Վերջինիս խոսքով՝ իրենք մնում են այն կարծիքին, որ նիստը պետք է դռնփակ անցկացվի, քանի որ գործում առկա են «տարաբնույթ գաղտնի տեղեկություններ», այդ թվում՝ անչափահասի վերաբերյալ։

Դատարանը, ի պատասխան փաստաբանի հայտարարության, նշեց, որ գործը դռնփակության կարգով քննելու վերաբերյալ դատարանը արդեն իսկ իր դիրքորոշումը հայտնել է, մերժել է պատասխանող կողմի ներկայացրած միջնորդությունը։

Արամ Վարդանյանը դատարանում հայտարարեց, որ ինքը նույնպես առարկում է․ «Տեսանկարահանել, նկարահանել, ձայնագրել, գաղտնի նկարահանել։ Ամեն ինչին էլ առարկում եմ»։

Կարապետ Բադալյանը լրագրողների ներկայացրած միջնորդությունը բավարարեց մասնակի, թույլատրեց տեսանկարահանել միայն դատարանին և հայցվոր կողմին, սակայն ոչ պատասխանող կողմին։

Այնուհետև Արամազդ Կիվիրյանը միջնորդեց հայցն առանց քննության թողնել։ Պատասխանող կողմը ներկայացրեց, որ դատախազության ներկայացուցիչ հանդես եկող անձինք լիազորված չեն հայցվորի անունից հանդես գալու համար։ Փաստաբանը՝ ելնելով վերոգրյալից, կարծում է, որ նախորդ նիստերին, որպես այդպիսին, հայցվոր կողմի ներկայացուցիչ չի մասնակցել։

«Դատարանին չի ներկայացվել հայցադիմումը ստորագրած անձի, Նելլի Տեր-Թորոսյանի լիազորությունները հաստատող փաստաթուղթը, լիազորագիրը։ Ստացվում է, որ հայցադիմումը ստորագրել է դրա լիազորությունները չունեցող անձը և հետագայում՝ ներկայանալով դատական նիստերին, Նելլի Տեր-Թորոսյանի կողմից չի ներկայացվել լիազորագիր, ներկայացվել է վկայական, իսկ վարչության տնտեսագետի կողմից ներկայացվել է գրությունը, որը չի կարող համարվել լիազորագիր»,-նշեց Արամազդ Կիվիրյանը և խնդրեց հայցը թողնել առանց քննության։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Նելլի Տեր-Թորոսյանը դատարանում հայտարարեց, որ իրավասու մարմնի ցանկացած ներկայացուցիչ, օրենքի ուժով, իրավասու է հայցադիմում ներկայացնել, իսկ վարչության տնտեսագետի համար դատարան լիազորագիր է ներկայացվել․ «Իրավասու մարմնի, համապատասխանաբար՝ դատախազի ու տնտեսագետի մասնակցության իրավաչափության առումով խնդիր չկա։ Խոցելի չէ դատախազության մասնակցությունը այս դատական նիստին»։

Արամազդ Կիվիրյանը պնդեց․ միայն Գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը կարող են առանց լիազորագրի հանդես գալ հայցվոր կողմում․ «Եթե Դուք Գլխավոր դատախազ եք կամ տեղակալ եք՝ հայտնեք դրա մասին, որ մենք իմանաք։ Ասեմ՝ միջնորդությունս չեմ պնդում»։

Լուսինե Սահակյանն էլ նշեց՝ եթե առաջնորդվում են այն տրամաբանությամբ, որ այս ստորաբաժանման յուրաքանչյուր աշխատակից իրավունք ունի գալու և հայցադիմում ներկայացնելու, ապա դա կարող են անել նաև այլ աշխատակիցները․ «Այս ստորաբաժանման աշխատակից են նաև հավաքարարները։ Նշանակում է՝ իրենք պետք է գային ու ներկայացնեին, որովհետև այդ ստորաբաժանման աշխատակից են հանդիսանո՞ւմ»։

Նելլի Տեր-Թորոսյանն իր արտահայտած դիրքորոշմանն ավելացնելու ոչինչ չուներ։ Դատարանը՝ քննարկելով հայցն առանց քննության թողնելու մասին միջնորդությունը, որոշեց մերժել այն․ «Դատարանն արդեն իսկ ստուգել է հայցվորի ներկայացուցիչների ինքնությունը և լիազորությունները, ճանաչել է դրանք, ուստի այդ հարցին կրկին անդրադառնալու անհրաժեշտություն չի տեսնում։ Բացի այդ, դատարանը հիմնավոր է գտնում հայցվորի ներկայացուցիչների առարկությունները և ցանկանում է մասնավորեցնել, որ դատախազը «Դատախազության մասին» օրենքի,  «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և Դատական օրենսգրքի հիման վրա իրավունք ունի պետության շահերի պաշտպանության հայց ներկայացնել դատարան։ Դատարան հայց հարուցելը մեկնաբանել, որ անհրաժեշտ է լիազորագիր, իմաստազրկում է իմ կողմից վկայակոչված օրենքների, իրավական նորմերով սահմանված իրավակարգավորումները»։

Դատական նիստը հետաձգվեց, քանի որ պաստախանողների ներկայացուցիչներն այլ գործերով զբաղվածություն ունեին, իսկ հայցի հիմքի և առարկայի վերաբերյալ հարցերը բավականին շատ էին։ Գործի քննության արդյունավետությամբ պայմանավորված դատարանը բավարարեց փաստաբանների միջնորդությունը։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 15-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել