«Գլխավոր դատախազի որոշումը խիստ ապօրինի է»․ կալանավորված դատավոր Արուսյակ Ալեքսանյան

Հակակոռուպցիոն դատարանում մայիսի 8-ին շարունակվեցին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով նախնական դատալսումները։

Բարձրագույն դատական խորհուրդը 2022 թվականի հոկտեմբերի 17-ին բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունները: Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։ Այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թամարա Պետրոսյանին։

Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստի ընթացքում ապացույցներն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես եկավ Արուսյակ Ալեքսանյանի 4 պաշտպաններից Հովսեփ Սարգսյանը։ Նա կարծում է, որ մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել և որպես ապացույց օգտագործվել վկաների ցուցմունքները, վարույթային փաստաթղթերը, օպերատիվ հետախուզական միջոցառումների (ՕՀՄ) ընթացքում ձեռք բերված ապացույցները, այլ փաստական տվյալներ և ընդունված դատավարական որոշումները։

Փաստաբանը պնդում է, որ գործի քննությունը պետք է Հակակոռուպցիոն կոմիտեում ընթանար, ոչ թե ԱԱԾ քննչական դեպարտամենտում։  Արուսյակ Ալեքսանյանը դատարանում հայտարարեց, որ գործի քննությունը ԱԱԾ-ին հանձնարարելը «ապօրինություն» էր՝ թույլ տրված Գլխավոր դատախազը Աննա Վարդապետյանի կողմից։

«Դա կամայականության դասական դրսևորում է։ Նույնիսկ իրավաբանական կրթություն չունեցող անձն այդ որոշմանը ծանոթանալուց հետո 2 տպավորություն կարող է ունենալ․ կամ այդ որոշումը կայացնողի մոտ իրավաբանական տարրական գիտելիքների սնանկություն է, կամ այդ որոշումը կայացվել է, որպես կամայականության հատուկ դրսևորման ձև»,-նշեց կալանավորված դատավորը։

Դատարանը, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, որոշեց մերժել միջնորդությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել