Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում այսօր՝ մայիսի 2-ին, շարունակվեց ԱԺ նախկին պատգամավոր, 71-ամյա Մհեր Սեդրակյանի և նրա ընտանիքի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքերի և դրամական միջոցների բռնագանձման գործով դատական քննությունը։ Նախագահող դատավորը Կարապետ Բադալյանն է։
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել բռնագանձել շուրջ 11 միլիարդ դրամ արժեքով ապօրինի ծագում ունեցող գույք: Մասնավորապես՝
- Երևան քաղաքում՝ 21 անշարժ գույք, մեկ անշարժ գույքի միջին շուկայական արժեք, Կոտայքի մարզում՝ մեկ անշարժ գույք, մեկ տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 2.3 միլիարդ դրամ (որոշ գույքեր դեռևս գնահատված չեն).
- Ութ իրավաբանական անձանցում մասնակցություն և մեկ փոխառության պահանջի իրավունք.
- Բռնագանձման է ենթակա նաև ավելի քան 8.6 միլիարդ դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված՝ օրինական եկամուտներով չհիմնավորվող դրամի հանրագումար:
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստի ընթացքում որոշվեց սպառել հայցի հիմքի և առարկայի վերաբերյալ հարցերը, որից հետո քննարկել կողմերի ներկայացրած միջնորդությունները։
Պատասխանողների ներկայացուցիչներ Ալեքսան Խաչատրյանը դիմելով հայցվորին՝ նշեց, որ չեն լսել փաստական հիմք այն մասին, թե որ հանցագործության կամ հանցագործությունների արդյունքում են ձեռք բերվել ենթադրյալ ապօրինի համարվող գույքերը։ Խնդրեց հայտնել՝ ներկայացված հայցադիմումում նման հիմքեր կա՞ն, թե ոչ և արդյո՞ք դրանք համապատասխանում են ՄԻԵԴ որոշումներով արտահայտված դիրքորոշումներին։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Համլետ Հարությունյանը նշեց, որ ենթադրյալ ապօրին ծագում ունեցող գույքի բռնագանձման առումով տարբեր երկրներում տարբեր մոդելներ են գործում։ Այս դեպքում, ՀՀ-ում ընդունված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը «չի պահանջում» հանցավոր արարքի և բռնագանձման ենթակա գույքերի միջև ուղղակի կամ անուղղակի կապ։
Պատասխանողների ներկայացուցիչների հաջորդ հարցը վերաբերում էր իրավասու մարմնի՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացված տվյալներին, ըստ որոնց Մհեր Սեդրակյանը դեռևս 1974 թվականից սկսած աշխատել է։ Ալեքսան Խաչատրյանը խնդրեց պարզաբանել, թե ինչու է իրավասու մարմինը 1995 հունվարի դրությամբ վերջինիս դրամական միջոցների մնացորդը դիտարկել զրո։
Դատախազը հայտնեց՝ իրենք հաշվի են առել այն տվյալները, որոնք հասանելի են եղել․ «70-ականների, 80-ականների տվյալները, հնարավոր չէ դիտարկել 1992-ին ռուբլու արժեզրկման պատճառով։ Խոսքն այստեղ որոշակի մեկնարկային կետ վերցնելու մասին է։ Մեզ հայտնի դարձած տվյալները, որոնք հնարավորություն են տվել համադրություն անելու անձի եկամուտների, ծախսերի, գույքային ձեռքբերումների մասին, եղել այն թվականից, որ թվականից որ հաշվարկն իրականացվել է»։
Փաստաբան Վարազդատ Բադալյանը պնդեց՝ սովետական Հայաստանում աշխատավարձի առումով հստակ թիվ կար, մինիմում, որը հաշվարկի հիմքում չի դրվել։
Այնուհետև Համլետ Հարությունյանը ներկայացրեց հայցի ապահովման միջոցը մասնակի վերացնելու միջնորդությունը։ Դատախազը միջնորդեց Կուստոյի փողոցի անշարժ գույքի տնօրինման հետ կապված գործողությունների արգելքը վերացնել․ «Նյութերի հետագա ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում է Մհեր Վարդանի Սեդրակյանին, ոչ թե գործով պատասխանող Մհեր Դավթի Սեդրակյանին։ Վերջինս հանդիսանում է Մհեր Դավթի Սեդրակյանի եղբորորդին»։
Վարազդատ Բադալյանը նշեց, որ սա հայցվորի կողմից ներկայացված այն բացառիկ միջնորդությունն է, որի հետ ամբողջությամբ համաձայն են։ Դատարանը հայտարարեց, որ միջնորդության վերաբերյալ որոշում կընդունի առանձին ակտով։
Հաջորդիվ միջնորդություն ներկայացրեց պատասխանող կողմը։ Այն վերաբերում էր հայցային վաղեմություն կիրառելուն։
Մանրամասները՝ տեսանյութում։