Հակակոռուպցիոն դատարանում այսօր` մայիսի 2-ին, մեկնարկել է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի, պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի, Անդրանիկ Քասարյանի, Արսեն Ամյանի, Հայկ Կյուրեղյանի, Արամ Ենգոյանի, Տիգրան Փոթիկյանի, Միքայել Հակոբյանի և Հայկ Պետրոսյանի գործով նիստը։ Դատական նիստը նախագահում է դատավոր Սարգիս Դադոյանը։
Երևանի նախկին քաղաքապետն ու պետական գույքի կառավարման վարչության նախկին պետը մեղադրվում են պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար։ Ըստ Քննչական կոմիտեի` նախաքննության ընթացքում հաստատվել է, որ դեռևս քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնելիս Մարգարյանը հանձնարարել է կատարել 16-րդ հատուկ դպրոցի հողամասի սահմանները ճշտում՝ հողամասի նոր հատակագծով դպրոցին պատկանող հողակտորից նվազեցվել է ավելի քան 3600 քառակուսի մետր: Ըստ Քննչական կոմիտեի` այնուհետև այն օտարվել է Մարգարյանի սանիկին, իսկ մյուս հողակտորը՝ նույն դպրոցի տնօրենի ամուսնուն:
«Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով, շուկայականից էականորեն ցածր արժեքով, միջնորդավորված եղանակով՝ հիշյալ օտարման արդյունքում դպրոցը զրկվել է փաստացի իրեն ամրակցված հողատարածքը ամբողջությամբ ուսումնական նպատակներով օգտագործելու հնարավորությունից, իսկ պետության իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ», – նշված է կառույցի հաղորդագրության մեջ:
Էրեբունի վարչական շրջանում գտնվող 64-րդ մանկապարտեզից էլ 1400 քառակուսի մետր հողամաս է օտարվել։ Քննչական կոմիտեի ներկայացմամբ՝ տարածքը աճուրդով վաճառվել է Տարոն Մարգարյանի ընտանիքի մտերիմ, այս անգամ էլ մանկապարտեզի տնօրենի հորը։
Արման Սահակյանը, ըստ Քննչական կոմիտեի, համար 185 հանրակրթական դպրոցի տարածքում է ճշգրտման գործընթաց նախաձեռնել՝ նվազեցնելով ավելի քան 3800 քառակուսի մետր տարածք։ Այդ հողամասը աճուրդի ու միջնորդավորված անձանց միջոցով օտարվել է Արման Սահակյանի եղբորը, նրա օգնականին, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգնականին և Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարի հարազատին, ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։
Iravaban.net-ը հայտնում է, որ այսօրվա դատական նիստին ներկա էին ամբաստանյալներ Տարոն Մարգարյանը, Արման Սահակյանը, Անդրանիկ Քասարյանը, Միքայել Հակոբյանը և Հայկ Պետրոսյանը։ Արսեն Ամյանը, Հայկ Կյուրեղյանը և Տիգրան Փոթիկյանը դատական նիստի օրվա ու ժամի մասին պատշաճ ծանուցված չեն եղել։
Նիստին ներկա ամբաստանյալները առարկեցին դատական նիստը լուսանկարահանելու և տեսանկարահանելու վերաբերյալ ԶԼՄ-ների ներկայացրած դիմումների դեմ, դատարանը բավարարեց նրանց խնդրանքը։
Դատավորը նշեց, որ պատշաճ ծանուցումների բացակայության պայմաններում գործի քննությունը ենթակա է հետաձգման, սակայն մինչև այդ քննարկեց Արման Սահակյանի պաշտպան Սմբատ Մինասյանի կողմից ներկայացված գրությունը, որով վերջինս միջնորդել է մայիսի 29-ից մինչև հերթական դատական նիստը վերացնել իր պաշտպանյալի՝ սահմանը հատելու արգելքը և թույլ տալ նրան մեկնել արտերկիր։
Արման Սահակյանը դատարանում հայտարարեց, որ իրավասու մարմնի համաձայնությամբ ինքն արդեն մի քանի անգամ լքել է երկիրը ու հետ վերադարձել․ «Առողջական խնդիրը բնականաբար վատ բան է, բայց պիտի խնդրեմ, որ հնարավորության դեպքում թույլ տաք հետազոտման մեկնեմ»։
Դատարանը խնդրեց պարզաբանել, թե ինչ առողջական խնդրի մասին է խոսքը։ Սակայն ամբաստանյալը նշեց, որ չի ցանկանում ԶԼՄ-ների ներկայությամբ բարձրաձայնել այդ մասին, դատական գործում կան ներկայացված փաստաթղթերը։ Մեղադրող դատախազը չառարկեց։ Դատավորը որոշեց նշված ժամանակահատվածի համար թույլատրել Արման Սահակյանին բացակայել Հայաստանի Հանրապետությունից՝ Ֆրանկֆուրտ մեկնելու նպատակով։
Տարոն Մարգարյանի փաստաբան Բենիկ Գալստյանը նույնանման միջնորդություն ներկայացրեց։ Նա նշեց, որ պատգամավորական գործունեությամբ պայմանավորված Տարոն Մարգարյանը հաճախ է երկրի սահմանը հատելու անհրաժեշտություն ունենում․ «Այս գործով իմ պաշտպանյալը միակն է, ով գտնվելով արտերկրում տեղեկացվել է, որ իր նկատմամբ նախաձեռնվել է քրեական հետապնդում և առաջին իսկ հնարավորության դեպքում վերադարձել է ՀՀ»։
Մեղադրողն առարկեց ներկայացված միջնորդության դեմ՝ նշելով, որ կոնկրետ դեպքերով ամբաստանյալը կարող է դիմել դատարանին, թույլտվություն ստանալ, սակայն խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու դեմ առարկում է։
Դատարանը որոշեց միջնորդությունը բավարարել, սակայն մեղադրյալի նկատմամբ կիրառված սահմանափակումները չվերացնել։
Նիստը հետաձգվեց։