Տրանսպորտային միջոցների վրա լուսային և ձայնային` ներառյալ հատուկ սարքավորումներ տեղադրելու կանոնները խախտելու համար տուգանք կա նախատեսված։ Սա սահմանված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123․1 հոդվածով։
Iravaban.net-ը հայտնում է, որ հոդվածի համաձայն․
1. Տրանսպորտային միջոցների վրա ստանդարտին չհամապատասխանող լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելը (բացառությամբ հակաառևանգման ազդանշանային համակարգի և հավաքների կամ հանրային միջոցառումների դեպքում` բարձրախոսների) կամ շարժման ընթացքում դրանք օգտագործելը`առաջացնում է տուգանքի նշանակում` 10․000 դրամի չափով՝ ստանդարտներին չհամապատասխանող լուսային և ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների բռնագրավմամբ:
2. Առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցների վրա կարմիր և (կամ) կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելը, ինչպես նաև օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների համար նախատեսված գունագծապատկերներն օգտագործելը (նմանեցնելը)`առաջացնում են տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում՝ 1 տարի ժամկետով, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում` 200․000 դրամի չափով՝ բոլոր դեպքերում առկայծող փարոսիկների և հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների բռնագրավմամբ։
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումը հայտնաբերելու դեպքում լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) այդ իրավախախտումը կատարած անձին իրազեկում է իրավախախտման հատկանիշները վերացնելու դեպքում վարչական պատասխանատվության չենթարկվելու հնարավորության մասին: Անձը վարչական պատասխանատվության չի ենթարկվում, եթե իրազեկումից անմիջապես հետո սկսում է իրականացնել վարչական իրավախախտման հատկանիշներն անմիջականորեն վերացնելուն ուղղված գործողություններ: Այդ դեպքում լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմում:
4. Եթե, սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան, վարչական իրավախախտումը հայտնաբերելուց անմիջապես հետո այդ իրավախախտման հատկանիշները վերացնել հնարավոր չէ, ապա լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) կազմում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն և կայացնում վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում:
5. Եթե սույն հոդվածի 4-րդ մասում նշված դեպքում վարչական իրավախախտում կատարած անձը լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում վերացնում է իրավախախտման հատկանիշները, ապա նա ազատվում է նշանակված տույժը կատարելու պարտականությունից, եթե այդ մասին նույն ժամանակահատվածում լիազորված մարմնին (պաշտոնատար անձին) ներկայացնում է համապատասխան ապացույց: Այդ մասին կազմվում է համապատասխան արձանագրություն, որի պատճենը տրվում է իրավախախտումը կատարած անձին: