Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում ապրիլի 20-ին կայացավ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով հերթական դատական նիստը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ։
Չարչյանը մեղադրվում է 2021 թվականի հունիսի 20-ի ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։ Քվեարկությունից օրեր առաջ (հունիսի 18-ին) տարածվել էր հիվանդանոցի աշխատակիցների հետ Չարչյանի անցկացրած ժողովի ձայնագրությունից մի հատված, որը իրավապահները որակում են որպես ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտել։ Չարչյանին մեղսագրվող հոդվածում նաև նշվում է որևէ մեկի օգտին դեմ քվեարկելուն հարկադրելու մասին։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այսօր հրավիրված դատական նիստի ընթացքում վկայություն տվեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի նախկին պատասխանատու Ամալյա Գևորգյանը։ Նշենք, որ նիստը շուրջ մեկ ժամ ուշացմամբ սկսվեց, քանի որ Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը մեկ այլ նիստի առկայությամբ պայմանավորված ուշ ներկայացավ դատարան։
Վկան պատմեց, որ չի հիշում, թե որ օրն է տեղի ունեցել հավաքը, սակայն հայտնեց, որ մեծ դահլիճում կազմակերպվող հավաքի մասին իրեն տնօրինությունից էին հայտնել․ «Ասացին՝ պարոն Չարչյանը հյուր է եկել, քանի որ այդ ժամանակ արձակուրդում էր գտնվում»։
Նա ոչ միայն ներկա է եղել հանդիպմանը, այլ նաև տեսանկարահանել է այն։ Մեղադրող դատախազ Հայկ Հովհաննիսյանը հարցրեց Ամալյա Գևորգյանին՝ հաճախ են այդ դահլիճում հրավիրված հավաքները տեսանկարահանվում։ Վկան դրական պատասխան տվեց․ «Նշված օրը տեսանկարահանել եմ իմ անձնական հեռախոսով, iPhone 12 Pro Max-ով, որը հիմա Ձեզ մոտ է»։
Ամալյա Գևորգյանը այդ օրը Արմեն Չարչյանի ունեցած ելույթից շատ բան չէր հիշում, միայն նշեց, որ այն քաղաքացիական պարտքը կատարելու մասին է եղել։ Վկայի խոսքով՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրենի ձերբակալության լուրերից հետո ինքն էլ է դիտել իր նկարած տեսանյութը և նկատել, որ տարածված ձայնագրության ու իր մոտ եղած վիդեոյի տևողությունն է տարբեր․ «Ես դրա մասին տեղեկացրի իրավաբաններին։ Տեսագրությունն էլեկտրոնային տարբերակով ուղարկեցի Արամ Վարդևանյանին»։
Դատախազի հարցին՝ ինչպիսի՞ տպավորություն ուներ վկան տեսագրությունը նայելուց հետո, վերջին նշեց՝ «չի խորացել բովանդակության մեջ»․ «Որևիցե բացասական բան այդ օրը չի կատարվել։ Ծափերով ճանապարհեցինք պարոն Չարչյանին»։
Հարցին, թե ինչու է վերջինս լքել ԲԿ-ում իր զբաղեցրած պաշտոնը, Ամալյա Գևորգյանը նշեց, որ այլ աշխատանքի անցնելու առաջարկ է ստացել և ընդունել այն։ Դատախազը մի քանի մեջբերումներ կատարեց Արմեն Չարչյանի ելույթից և վկային խնդրեց մեկնաբանել դրանք։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան