Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր՝ փետրվարի 2-ին, կայացավ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով հերթական դատական նիստը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ։
Չարչյանը մեղադրվում է 2021 թվականի հունիսի 20-ի ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։ Քվեարկությունից օրեր առաջ (հունիսի 18-ին) տարածվել էր հիվանդանոցի աշխատակիցների հետ Չարչյանի անցկացրած ժողովի ձայնագրությունից մի հատված, որը իրավապահները որակում են որպես ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտել։ Չարչյանին մեղսագրվող հոդվածում նաև նշվում է որևէ մեկի օգտին դեմ քվեարկելուն հարկադրելու մասին։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այսօրվա դատական նիստի ընթացքում Չարչյանը պետք է ասեր իր վերջին խոսքը, սակայն նշեց, որ արդեն ասել է այն ավելի վաղ, իր ելույթի ժամանակ․ «Ավելացնելու ոչինչ չունեմ»։
Ամբաստանյալը շնորհակալություն հայտնեց իր փաստաբանին, դատարանին, նրան աջակցողներին․ «Նաև շնորհակալություն եմ ուզում հայտնել դատախազին, չնայած որ 5 տարվա ազատազրկում է պահանջում։ Ներքին համոզմունք ունեմ, որ դա իր անձնական համոզմունքը չէ։ Ինչևէ, շնորհակալ եմ դատախազին իր գործն անելու համար»։
Դիմելով դատարանին նա նշեց՝ համոզված է, որ դատարանը կկայացնի «արդար և ազատ» որոշում, իսկ ՀՀ-ում արդարադատությունը գտնվում է իր գագաթնակետին․ «Ցանկացած Ձեր որոշում ընդունելի կլինի ինձ համար»։
Դատավոր Վահե Միսակյանը հայտնեց, որ դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ։ Դատավճիռը կհրապարակվի փետրվարի 5-ին։
Եվգենյա Համբարձումյան