«Արնդանե» ընկերությունը միջնորդել է փոխել Այվազովսկու 14-ի անշարժ գույքի նկատմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը

Օգագործված նկարներն այս նիստի ընթացքում չեն արվել։

«Կեչառիս հոթել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արա Հակոբյանը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ պահանջելով Այվազովսկու թիվ 14 հասցեում գտնվող անշարժ  գույքի նկատմամբ 2021-ի դեկտեմբերի 10-ին պետական գրանցումն անվավեր ճանաչելու և նույն հասցեի նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքը գրանցելուն պարտավորեցնելու պահանջով:

Գործը մակագրվել է դատավոր Ելենա Առաքելյանին։

Նշենք, որ Iravaban.net հետաքննություն  է հրապարակել Այվազովսկու 14 հասցեի տարածքի համար հայտարարված շուրջ 70 աճուրդների մասին, որոնցում հաղթողները փոխկապակցված են Միհրան Պողոսյանի հետ։

Գործի շրջանակներում հայցվոր Արա Հակոբյանի պահանջով դատարանը կիրառել է հայցի ապահովում՝ արգելելով ՀՀ կադաստրի կոմիտեին և «Արնդանե» ՍՊ ընկերությանը (ներկայումս Այվազովսկի 14 հասցեի գույքի գրանցված սեփականատիրոջը) գույքի հետ կապված կատարել որևէ գործողություն կամ գործարք:

Ներսես Աղաբաբյան

Մարտի 29-ին տեղի ունեցավ գործով հերթական նիստը, որի ընթացքում 3-րդ անձ «Արնդանե» ՍՊ ընկերության ներկայացուցիչ Ներսես Աղաբաբյանը միջնորդություն ներկայացրեց հայցի ապահովման միջոցը փոխելու վերաբերյալ։ Կողմն առաջարկում է արգելել անշարժ գույքի օտարումը, ինչպես նաև արգելել Կադաստրի կոմիտեին դրա նկատմամբ կատարել սեփականատիրոջ փոփոխության հանգեցնող որևէ իրավունքի պետական գրանցում:

«Մեր կարծիքով՝ կիրառված հայցի ապահովումը հստակ չէ։ Արգելել որևէ «գործողություն» կատարել, անհասկանալի է, թե ինչի մասին է խոսքը։ Գործողություն կարող է լինել ցանկացած ֆիզիկական առնչություն հողի և դրա վրա առկա շինությունների հետ, ինչը չափազանց լայն և անորոշ արգելք է»,-նշեց Ներսես Աղաբաբյանը՝ հավելելով, որ «գործողություն» բառի նման լայն ընկալումը սահմանափակում է «Արնդանե»-ի իրավունքները։

Նա նշեց, որ պատասխանողի ներկայացուցիչները դիմել էին Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ նշելով, որ ընկերությունը խախտում է կիրառած հայցի ապահովման միջոցը: Ծառայության աշխատակիցները ներկայացել են նշված տարածք և, տեղում ստուգելով որևէ խախտում չեն արձանագրել։

Փաստաբանի խոսքով՝ վեճի առարկա գույքի օտարումն արգելելը բավարար է վերջնական դատական ակտի կատարումն ապահովելու համար․ «Սա կլուծի նաև այն վնասների հարցը, որը ընկերություը կրում է այս պայմաններում։ Հիշեցնեմ, որ այս գույքի համար «Արնդանե» ընկերությունը վճարել է 345 միլիոն դրամ և մինչև այսօր չի կարողանում այս գույքը նույնիսկ օգտագործել։ Գույքի հանձնումը վարձակալությամբ, ընկերության կողմից գույքն այլ եղանակներով օգտագործումը, դրանից օգուտներ քաղելը որևէ եղանակով չի կարող անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը»։

Վարազդատ Ասատրյան

Արա Հակոբյանի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը նշեց, որ միջնորդությունն անհիմն է՝ մի քանի պատճառաբանությամբ։ Նրա խոսքով՝ կիրառված հայցի ապահովումը բավականին հստակ է, իսկ ընկերության բերած՝ վարձակալության վերաբերյալ օրինակը տնօրինման ձև է։

«Վնասների մասով իմ գործընկերոջ կողմից հնչեցված դիրքորոշումը նույնպես անհիմն է։ Մենք հիմնավորել ենք, որ վնասները բացակայում են։ Վնասի պարտադիր տարրերը չկան, պատճառահետևանքային վնաս, մեղք, մեղքի արտահայտություն, ոչ իրավաչափ նպատակ։ Վնասի մասով օրենսդրի սահմանած հատկանիշները բացակայում են»,-նշեց փաստաբանը։

Նրա խոսքով՝ գործողություններ կատարելով ընկերությունը կարող է ծանրաբեռնել գույքը՝ բաժանելի և անբաժան բարելավումներով․ «Եթե օրինակ բերեն, այդտեղ ծառատունկ իրականացնեն, որոշակի տնտեսական գործունեություն ծավալեն, հիմնավորեն, որ դա իրենց կողմից է կատարվել և դա անբաժանելի բարելավումներ են, իրական սեփականատիրոջից պետք է մտնեն և պահանջեն, որը լրացուցիչ խնդիր է առաջացնելու իրավահարաբերության կողմերի մասով»։

Վարազդատ Ասատրյանը կարծիք հայտնեց, որ միջնորդությունը, բավարարվելու դեպքում, խոչընդոտներ է ստեղծելու վերջնական դատական ակտի կատարումն ապահովելու համար․ «Գտնում եմ, որ ներկայացված միջնորդությունն անհիմն է, խնդրում եմ այն մերժել»։

Սնանկության կառավարիչ Արմեն Ստամբոլցյանի ներկայացուցիչ Կարո Ասատրյանը դատարանում հայտարարեց՝ գտնում է, որ ներկայցված միջնորդությունը ենթակա է բավարարման և ինքը կարծում էր, թե հայցվոր կողմը դրա դեմ չի առարկի։ Նրա կարծիքով՝ կիրառված հայցի ապահովման միջոցը համաչափ չէ։

«Ենթադրյալ խախտված իրավունքների վերականգնումից հետո էլ նշված վարձակալության պայմանագրի կնքումը չի խոչընդոտելու իրենց իրավունքների իրացմանը։ Ավելին՝ սա վնասների ինստիտուտի հետ կապված խնդիրներից կազատեր։ Ամեն դեպքում, իրավաբանական անձին գույքն օգտագործելուց զրկելն այնքան էլ ողջամիտ չէ»,-նշեց Կարո Ասատրյանը։

Այնուհետև դատարանը հարց ուղղեց Ներսես Աղաբաբյանին, թե վարձակալության պայմանագիր կնքելու, անշարժ գույքը բաժանելի և անբաժան բարելավումներով ծանրաբեռնելու դեպքում վերջնական դատական ակտի կատարումն ապահովելը որքանո՞վ կդժվարանա։

Փաստաբանը նշեց, որ բարելավումները բաժանելի են, ապա դրանք կարելի է բաժանել և որևէ խնդիր չի առաջանա։ Եթե դրանք անբաժանելի են, ապա դա ընկերության ռիսկն է․ «Մենք գիտենք, որ կա դատական գործ և ողջամիտ չի լինի այդ գույքի վրա ծախսել էական գումարներ, որոնք հետագայում կարող են խնդիրներ առաջացնել»։

Նա առաջարկեց նաև միջնորդության մեջ փոփոխություններ անել, օտարումից բացի արգելել նաև վարձակալությունը՝ մեկ տարուց երկար ժամկետով, որպեսզի հայցվոր կողմն ավելի հանգիստ լինի։

Վարազդատ Ասատրյանը նշեց, որ քաղաքացիաիրավական գործարքները շատ են, որոնք կարող են հանգեցնել որոշակի հետևանքների և գույքի ծանրաբեռնման։

Անդրադառնալով գույքը վարձակալության հանձնելու վերաբերյալ միջնորդության մեջ արված փոփոխությանը, նա նշեց․ «Իրավաբաններ ենք, բոլորս էլ այդ մարտավարությանը տիրապետում ենք։ Վարձակալության պայմանագիրը որոշակի ժամկետից հետո, եթե կողմերը ակտիվ գործողություններ չեն անում, դառնում է անորոշ ժամկետով կնքված»։

Ներսես Աղաբաբյանը հակադարձեց․ ներկայումս Այվազովսկի 14 հասցեի գույքի գրանցված սեփականատերը «Արնդանե» ՍՊ ընկերությունն է, և ընկերությունն ունի իրավաչափ բոլոր հիմքերը, ակնկալիքները՝ գույքը օգտագործելու և շահույթ ստանալու համար։

Դատարանը միջնորդության քննարկման դատական նիստը համարեց փակված, դրա վերաբերյալ որոշումը կուղարկվի դատավարության մասնակիցներին։

———————————

Այվազովսկու 14 տարածքի վաճառաքի համար ԴԱՀԿ-ի կողմից շուրջ 70 աճուրդ է հայտարարվել: Դրանցից մեկում է (2016 թ-ի դեկտեմբերի 26-ին), որ «Կեչառիս հոթել» ՍՊԸ-ի տնօրեն Արա Հակոբյանը հաղթող է ճանաչվել։ 2017 թվականի հունվարի 9-ին էլ կնքվել է առքուվաճառքի պայմանագիրը։ Սակայն ավելի ուշ պարզ է դարձել, որ Արա Հակոբյանը չի վճարել հողի կադաստրային արժեքը, ինչն էլ խոճընդոտել է գույքի նկատմամբ նրա սեփականության իրավունքի գրանցմանը։

Հարկ է նշել, որ հայցվոր Արա Հակոբյանի անունը փոխկապակցվում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը զբաղեցրած Միհրան Պողոսյանի հետ՝ հաշվի առնելով այն փաստը, որ «Կեչառիս հոթել» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերը Էդուարդ Հարությունյանն է, ով զբաղցրել է ««Բեսթ ռեալթի» ՍՊ ընկերության տնօրենի պաշտոնը։ Դեռևս 2019 թվականին Հատուկ քննչական ծառայության հաղորդած տվյալների համաձայն՝  2011թ.-ին Միհրան Պողոսյանը օտարերկրյա քաղաքացիների միջոցով Պանամայի Հանրապետությունում հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող «Հոփքինթեն թրեյդինքգ ինքորփորեյթիդ» և «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» ընկերությունները, իսկ նույն տարվա հոկտեմբեր ամսին նրա անմիջական մասնակցությամբ ընկերությունների օտարերկրացի տնօրենների փոխարեն համապատասխան պաշտոններում նշանակվել են Միհրան Պողոսյանի մտերիմ անձինք: Այնուհետև Միհրան Պողոսյանը վստահված անձանց միջոցով մասնակցել է Պանամայի օֆշորային գոտում գրանցված վերոհիշյալ կազմակերպությունների կառավարմանը, ինչի արդյունքում վերջիններս Հայաստանում հիմնադրել են այլ ընկերություններ, այդ թվում՝ «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել