Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ մարտի 30-ին, շարունակվեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատաքննությունը։
Բարձրագույն դատական խորհուրդը 2022 թվականի հոկտեմբերի 17-ին բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունները: Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։ Այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թամարա Պետրոսյանին։
Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այսօրվա դատական նիստի ընթացքում կալանքի տակ գտնվող Արուսյակ Ալեքսանյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավոր Վահե Դոլմազյանին։
Միջնորդության համար հիմք է հանդիսացել Վերաքննիչ դատարանի որոշումը, որով դատարանը մերժել է Արուսյակ Ալեքսանյանին ազատ արձակելու մասին փաստաբանների բողոքը։ Անդրանիկ Մանուկյանի խոսքով՝ դատական ակտում Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ակնհայտ անհիմն չեն այն պնդումները, որ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանն իր պաշտպանյալի նկատմամբ կալանք կիրառելու հարցի քննարկման ընթացքում «հիմնավոր կասկածի հարցը քննարկելիս խորությամբ է անդրադարձել դրան և տվել է համապատասխան գնահատականներ, սակայն դա պետք է տեղի ունենար առերևույթ»։
Անդրանիկ Մանուկյանի պնդմամբ՝ այս որոշմամբ, Վերաքննիչ քրեական դատարանը թեև խուսափել է ուղղակիորեն արձանագրել, որ Վահե Դոլմազյանն Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ կալանք կիրառելու հարցի քննարկման ընթացքում խախտել է ամբաստանյալի անմեղության կանխավարկածը, սակայն վերոնշյալ եզրույթը բավարար է արձանագրելու համար, որ Վերաքննիչ դատարանը համաձայնել է՝ Ալեքսանյանի անմեղության կանխավարկածը խախտված լինելու վերաբերյալ բողոքաբերների արած պնդումներին․ «Դուք մեղադրյալ Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ կալանք կիրառելու հարցի քննարկման ընթացքում խախտել եք նրա անմեղության կանխավարկածը»։
Փաստաբանի խոսքով՝ Վահե Դոլմազյանի կալանք կիրառելու որոշումը Վերաքննիչ քրեական դատարանը չի բեկանել զուտ այն պատճառաբանությամբ, որ 2023-ի հունվարի 18-ի նիստում Հակակոռուպցիոն դատարանը սխալմամբ է արձանագրել, որ մեղադրյալի կալանքի ժամկետը լրացել է։
«Եթե Դուք, թեկուզ սխալմամբ, արձանագրել էիք, որ Արուսյակ Ալեքսանյանը կալանքից ազատվել է, ապա չէիք կարող մեղադրյալի նկատմամբ կրկին կալանք կիրառել, եթե առկա չէին կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող նոր էական հանգամանքներ։․․․Բացի այդ, դատարանը Ալեքսանյանի հաղորդակցության իրավունքը սահմանափակել է՝ առանց դատավարական հիմքի, սեփական նախաձեռնությամբ, չունենալով հանրային մեղադրողի համապատասխան միջնորդությունը»,-նշեց Անդրանիկ Մանուկյանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալի նկատմամբ կալանք է կիրառվել օրենքի խախտմամբ։
Դիմելով դատարանին՝ փաստաբանը նշեց, որ դատավորը չի կարող ապահովել առնվազն «անկողմնակալ երևալու» դատավարական պահանջը և առկա է Վահե Դոլմազյանի կողմից ինքնաբացարկ հայտնելու հիմք։
Արուսյակ Ալեքսանյանի խոսքով՝ ինքը «ամբողջ հոգով և սրտով» միանում է միջնորդությանը․ «Խնդրում եմ՝ վերջապես ինքնաբացարկ հայտնեք և թողեք այս գործն այլ դատավոր քննի, որովհետև, եթե պաշտպանս նշում է, որ Դուք չեք երևում անկողմնակալ, ինձ համար Դուք անկողմնակալ հենց չեք»։
Դատավարության մյուս մասնակիցները, բացի մեղադրողից, միացան ներկայացված միջնորդությանը։ Ամբաստանյալ Էրիկ Ալեքսանյանը դատարանում հայտարարեց, որ համոզված չէ՝ դատարանը հետայսու նման ձևակերպումներից խուսափելու է ձևականորեն, թե պահպանելու է ներքին համոզմունքը՝ ավելի մեղմ ձևակերպումներ օգտագործելով դատական ակտերում․ «Ինձ մոտ չկա վստահություն, որ ֆորմալ առումով այդ հանգամանքներն ապահովելուց հետո ներքուստ Դուք կունենաք այն համոզմունքը, որ մեղավորության կամ անմեղության մասին հետևություններ անելը դեռ վաղ է»։
Դատավոր Վահե Դոլմազյանը հարցեր ուղղեց ամբաստանյալների փաստաբաններին։ Նրա խոսքով՝ «խորության աստիճանը» սուբյեկտիվ ընկալում է և տարբեր մարդիկ այն տարբեր կերպ են հասկանում, այդ թվում՝ Վերաքննիչ դատարանը։ Սակայն միևնույն ժամանակ անմեղության կանխավարկածի խախտում, ըստ դատական ակտի, չի արձանագրվել։
Անդրանիկ Մանուկյանի խոսքով՝ Վերաքննիչ քրեական դատարանը, Արուսյակ Ալեքսանյանի անմեղության կանխավարկածի խախտումը անուղղակի կերպով չարձանագրելով իրեն ապահովագրել է հնարավոր բացասական հետևանքներից․ «Ես գտնում եմ, որ Վերաքննիչ քրեական դատարանն իմ պաշտպանյալի «անմեղության կանխավարկածի խախտումը» վերանվանել է «հիմնավոր կասկածին խորությամբ անդրադարձ» եզրույթով»։
Դատարանը հարց ուներ նաև Արուսյակ Ալեքսանյանի մյուս պաշտպանին, Երեմ Սարգսյանին․ «Եթե կա գործ, որը իր մեջ պարունակում է որոշակի տեղեկություններ։ Դրա մի մասը որոշակի փաստերի, մյուս մասը՝ գնահատականների վրա հիմնված։ Այդ ամենի հիման վրա կան ձևակերպումներ, ապացույցների ծավալ, որով պայմանավորված էլ մեղադրանք է առաջադրվել։ Եթե դատարանն այդ ձևակերպումներն արձանագրել է, արդյո՞ք դրանով այդ հաստատել է «ձևակերպումների» հաստատված լինելը»։
Փաստաբանը նշեց՝ խնդիրն այն է, որ նախագահող դատավորն մեղադրանքի «ձևակերպումները» ոչ միայն հաստատված է համարել, այլ դրանք արել է ներքին, սուբյեկտիվ ընկալմամբ։ Մեղադրող Արմեն Գևորգյանը հայտարարեց, որ պաշտպանության կողմը բացարկի միջնորդությունը ներկայացրել է Վերաքննիչ քրեական դատարանի որոշման սուբյեկտիվ մեկնաբանման արդյունքում։
«Նման սուբյեկտիվ մեկնաբանությունների մասին է ասում նաև այն, որ պաշտպանական կողմը արել է այնպիսի արձանագրումներ, որոնք վերաբերում են դատական վերանայման սահմաններին։․․․Ըստ պաշտպանական կողմի տրամաբանության՝ Վերաքննիչ դատարանի դատավորը ևս կողմնակալ է գտնվել, քանի որ, ըստ նրանց տպավորության, սխալ մեկնաբանություն է տվել Քրեական դատավարության օրենսգրքի որոշակի կարգավորումներին»,-նշեց մեղադրողը՝ հավելելով, որ պաշտպանական կողմի գնահատականները չափազանցված են։
Անդրանիկ Մանուկյանը ցանկացավ հակադարձել Արմեն Գևորգյանի այս հայտարարությանը, սակայն դատարանը թույլ չտվեց։ Փաստաբանը այդ առիթով ասաց․ «Ես տեսնում եմ, որ իմ բացարկի միջնորդությունից հետո Ձեր տրամադրվածությունը փոխվեց։ Ես ցավում եմ դրա համար, բայց պետք չի փոխել, պարոն Դոլմազյան»։
Դատավորը նշեց՝ ձևավորված տպավորությունը սխալ է ու հորդորեց նիստերի դահլիճում հայտարարություն անելուց առաջ թույլտվություն ստանալ։ Դատարանը գտավ, որ հակադարձելու անհրաժեշտություն չկա, որովհետև նման ձևաչափով միջնորդության քննություն իրականացնելը կարող է անվերջ տևել։
Վահե Դոլմազյանը հայտարարեց, որ Վերաքննիչ դատարանի արձանագրումները կամ բեկանված որոշումները չեն կարող հիմք հանդիսանալ դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու համար, քանի որ հակառակ պարագայում՝ վերադաս ատյանի կողմից յուրաքանչյուր ակտի բեկանման դեպքում ստորադաս ատյանի դատավորը ինքնաբացարկ պետք է հայտնի․ «Դատարանը գտնում է, որ այս հարցը արդեն քննարկման առարկա է հանդիսացել։ Դատավորին, նշված պատճառաբանություններով, գրավոր բացարկի միջնորդություն էր ներկայացվել»։
Դատարանը գտավ նաև, որ Վերաքննիչ դատարանի կատարած արձանագրումները չեն կարող գնահատվել որպես նոր էական փաստարկներ և Արուսյակ Ալեքսանյանի պաշտպանների միջնորդությունը թողեց առանց քննության։
Այնուհետ մեղադրող դատախազը ներկայացրեց գրավոր ապացույցների ցանկը և առաջարկեց սկզբում հետազոտել գրավոր ապացույցները, այնուհետև հարցաքննել վկաներին ու վերջում ամբաստանյալներին։ Անդրանիկ Մանուկյանը հայտարարեց, որ սկզբում գրավոր ապացույցները հետազոտելը, իսկ հետո միայն վկաներին լսելը մի նպատակ է հետապնդում․ հնարավորինս երկարաձգել Արուսյակ Ալեքսանյանի կալանքի ժամկետը։
Դատախազը սակայն նշեց, որ մեղադրական կողմը անհիմն և մեղադրյալների ազատության հաշվին որևէ գործողություն չի կատարում․ «Այլ հարց է, թե մեղադրյալի ազատության շարունակական ձգձգումները դատական պրոցեսի որ սուբյեկտի կամ ինչպիսի ընթացքի պատճառով են շարունակվում։ Բացի այդ, մեղադրանքի կողմը ելնում է այն կանխավարկածից, որ գրավոր փաստաթղթերի հետազոտումը անհրաժեշտ է նախ և առաջ վկաներին պատշաճ հարցաքննելու, այնուհետև մեղադրյալներին պատշաճ հարցաքննելու նախապայմաններ ստեղծելու համար»։
Այս անգամ դատավոր թույլ տվեց Անդրանիկ Մանուկյանին արձագանքել մեղադրողի հայտարարությանը։ Փաստաբանը նշեց, որ Քերական դատավարության օրենսգիրքը վկային չի արգելում մի քանի անգամ հարցաքննվել դատարանում։ Նա առաջարկեց սկզբում հարցաքննել վկաներին, այնուհետև հետազոտել փաստաթղթերը․ «Մեղադրական կողմը ձգտում է ապացույցների հետազոտման տվյալ հաջորդականությանը՝ Արուսյակ Ալեքսանյանի կալանքի տակ մնալը պատճառաբանելու համար։ Բոլորս ենք հասկանում, որ եթե վկաները հարցաքննվեն մինչև կալանքի ժամկետի երկարացման հարցի քննությունը, ապա Ձեզ համար շատ դժվար է լինելու հիմնավորել, որ Արուսյակ Ալեքսանյանը կարող է խոչընդոտել ապացուցման ընթացքին»։
Այնուհետև իր դիրքորոշումը հայտնեց Արուսյակ Ալեքսանյանը։
«Պարոն Գևորգյան, ես ճիշտ հասկացա՞․ Դուք ասում եք՝ որպեսզի ավելի պատկերավոր լինի, հասկանալի լինի, թե ամբողջ վարույթն ինչի մասին է, եկեք սկզբում վարույթային փաստաթղթերն ուսումնասիրենք, որից հետո վկաներին լսենք։ Այսինքն, չենք հասկանո՞ւմ՝ ինչի մասին է խոսքը։ Պետք է դրանք անպայման ուսումնասիրվեն, զննվեն, ներքին դիտումները տեսնվեն, նայվեն, հետո հասկանանք, թե վկաները ինչ են ասո՞ւմ։ Նաև արտահայտություն արեցիք, որ հիմա մեղադրող կողմը ի՞նչ մեղք ունի, որ դատաքննությունն այսքան ձգձգվում է։ Եթե այդ սուբյեկտի մեղքը չի, բա ո՞ւմ մեղքն է։ Դատարանի՞, որ մի ամիս հետո է նիստը դնում, հետո գնում է արձակուրդ։ Ես մեղք ունե՞մ, որ որևէ պետական մարմին իր գործողությունները, գործունեությունը այնպես չի կազմակերպում, որ իմ ազատության իրավունքը այնսքան չոտնահարվի։ Այսքանը»,-նշեց ամբաստանյալը։
Դատախազը Արուսյակ Ալեքսանյանին հավաստիացրեց, որ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցի, այն է՝ շարունակական կալանքի պահպանումը որևէ կապ չունի մեղադրական կողմի գործողությունների հետ։
Էրիկ Ալեքսանյանն էլ ժամանակ խնդրեց գրավոր ապացույցների վերաբերյալ իր հարցերը և դիրքորոշումը ներկայացնելու համար։
Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց ապրիլի 7-ին։
Եվգենյա Համբարձումյան