«Մեղքը դատավորի վերաբերմունքն է իր կողմից կատարված արարքի նկատմամբ»․ հրապարակվել է Զարուհի Նախշքարյանի վերաբերյալ ԲԴԽ որոշումը

Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակել է դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշումը։ Iravaban.net-ը ներկայացնում է որոշման մեջ տեղ գտած մանրամասները՝ դատավորին վերագրվող կարգապահական խախտման վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթ հարուցելու առիթ են հանդիսացել կարգապահական խախտման մասին զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները, դատավորի կողմից տրված համապատասխան հարցազրույցները, նաև Facebook սոցիալական կայքում Zaruhi Danielyan օգտատիրոջ կողմից կատարված հրապարակումները։ 

Դատավոր Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԲԴԽ կողմից որոշման հրապարակման նախորդող օրը դատավոր Զարուհի Նախշքարյանը հրապարակային կարծիք է հայտնել դատարանում քննվող գործի վերաբերյալ, ինչպես նաև 2022 թվականի դեկտեմբերի 26-ին նշված որոշման եզրափակիչ մասի հրապարակումից հետո հրապարակայնորեն կասկածի տակ է առել տվյալ դատական ակտը և դատարանի գործողությունները։ Facebook սոցիալական կայքում կատարած հրապարակմամբ Նախշքարյանը նշել է․ «Կողմ քվեարկած անձինք, դուք եք այս որոշման հետ ապրելու ո՛չ Փիլոսյանը, ո՛չ հասարակությունը, դուք»։

Խորհրդի որոշման մեջ վկայակոչվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ««Դատական սեմինար» վստահության ամրապնդումը դատական համակարգի նկատմամբ» հաշվետվողական փաստաթուղթը, ըստ որի՝ դատավորի շրջահայաց լինելու պարտականությունը հետապնդում է որոշակի նպատակ, այն է՝ դատավորի խոսքն ի տարբերություն փաստաբանների, ընկալվում է, որպես օբյեկտիվ գնահատականի արտահայտում, որը պարտավորեցնող է ոչ միայն դատավորի՝ որպես առանձին սուբյեկտի, այլ նաև ամբողջ դատական համակարգի համար։ Բացի այդ, Դատավորների միջազգային միության ընդունած դատավորների համընդհանուր խարտիայում նշվում է, որ դատավորը պարտավոր է ձեռնպահ մնալ ցանկացած այնպիսի վարքագծից, գործողություն կատարելուց կամ արտահայտություն անելուց, որն ազդեցություն կունենա նրա անկողմնակալության և անկախության հանդեպ վստահության վրա։

Այնուհետև, խորհրդի որոշման մեջ վկայակոչվում է խոսքի ազատության վերաբերյալ ՀՀ սահմանադրության դրույթները․ «Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:

Խորհուրդը կարևոր է համարել ընդգծել, որ ցանկացած միջամտություն դատավորի խոսքի ազատության իրացմանը պետք է մանրազնին ուսումնասիրության առարկա դառնա ԲԴԽ-ում։ Այսպիսով, խորհուրդն անդրադարձել է դատավորի խոսքի ազատության իրավունքի իրացման յուրաքանչյուր դրվագին առանձին-առանձին։

Զարուհի Նախշքարյան․ «Տարիներ ի վեր 5000-ից ավել քաղաքացիական գործի տակ անմարդկային ծանրաբեռնվածությամբ աշխատող դատավորին մեղադրում են 4 գործով վճիռը տևական ժամանակ ուշացնելու համար։ Այս պայմաններում որքանով է «մեղադրանքը» արդարացի՝ որոշեք ինքներդ։

ԲԴԽ որոշումը կհրապարակվի վաղը՝ դեկտեմբերի 26-ին, ժամը 17:45-ին՝ ԲԴԽ նոր ղեկավարի նախագահությամբ առաջին կարգապահական «վճիռը»»։

Խորհուրդը այս դրվագում գտել է, որ  դատավորը, ներկայացնելով մեկ այլ դատավորի վարույթում առկա գործերի քանակը և ծանրաբեռնվածության մակարդակը, հանրության լայն շրջանակներին հարցադրում է անում «մեղադրանքի արդարացիության վերաբերյալ», ինչն ինքնին ընթերցողի մոտ լեգիտիմ տպավորություն կարող է ստեղծել, որ կարգապահական վարույթ հարուցելու որոշումը «արդարացի» չէ։

«․․․Դատավորը պարտավոր էր հաշվի առնել, որ միջնորդության մի քանի դետալների ներկայացումը ողջամտորեն չի կարող բավարար լինել «մեղադրանքի արդարացիության վերաբերյալ» ճշգրիտ հետևությունների անելու համար։ Դատավորի կողմից ներկայացվող փաստական հանգամանքներն ակնհայտորեն միակողմանի են ներկայացնում իրավիճակը, որում քննության առարկան ըստ էության այլ անձանց դատական քննության երկարատևության հետևանքով արդար դատաքննության իրավունքի խախտումներն են եղել»,-նշել է խորհուրդը։

Զարուհի Նախշքարյան․ «Հարգանքներս դատավոր Աննա Փիլոսյանին։

Կողմ քվեարկած անձինք, դուք եք այս որոշման հետ ապրելու։

Ոչ Փիլոսյանը, ոչ հասարակությունը։

ԴՈՒՔ»։

Այս դեպքում խորհուրդն արձանագրել է, որ արտահայտությունն ինքնին կասկածի տակ է դնում դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշմանը կողմ քվեարկած խորհրդի անդամների գործողությունները․ «․․․Դիրքորոշումն ամբողջության մեջ դիտարկելու պարագայում որոշմանը կողմ քվեարկած անդամների գործողություններին առանց որևէ հիմնավորման բացասական ենթատեքստ տալով գնահատական տալը դուրս է դատավորի խոսքի ազատության  իրավունքի շրջանակից և օբյեկտիվ դիտորդի մոտ կարող է ձևավորել կարծիք առ այն, որ որոշմանը կողմ քվեարկած խորհրդի անդամները մասնակցել են ոչ օրինական ակտի ընդունմանը»։

Զարուհի Նախշքարյան․ «Ես համարում եմ, որ տվյալ որոշումը չէր կարող կայացվել այն պարագայում, երբ Բարձրագույն դատական խորհուրդը նույնպես ընդունում է, որ այսպիսի կոլապս է ստեղծվել (դատավորների գերծանրաբեռնվածության առնչությամբ)։ Ստացվում է, որ պետությունը իր պոզիտիվ պարտականությունը չկատարեց, դրա փոխարեն անհատ դատավորներին կարգապահական տույժի ենթարկեցին, իսկ մեկ դատավորի, որը շատ լավ դատավոր էր, դադարեցրեց լիազորությունները; Գտնում եմ, որ դա հնարավոր չէր անել, քանի դեռ պետությունը գերծանրաբեռնվածության հարցը չի լուծել։ Այսինքն՝ պետությունը չի լուծում ծանրաբեռնվածության հարցը , որպեսզի մենք կանգնենք ԲԴԽ-ի առաջ, ես այլ կերպ չեմ կարող այս որոշումը հասկանալ, քան դա։ Ուրեմն կարգապահական պատասխանատվություն չէր կարող ծագել, քանի դեռ այդ խնդիրները լուծում չեն ստացել»։

Այս դրվագին անդրադառնալով՝ խորհուրդը նշել է, որ դատավորները պետք է դրսևորեն օբյեկտիվություն, զգուշություն և հնարավորինս հիմնավորեն իրենց մոտեցումները։ ԲԴԽ-ն արձանագրել է, որ այս մտքերն արտահայտվել են այն պարագայում, երբ Աննա Փիլոսյանի գործով որոշումը դեռևս հրապարակված չի եղել․ «Դատավորը, սահմանազանցելով իր խոսքի ազատության իրավունքի սահմանները, ուղղակիորեն կասկածի տակ է դրել իբրև դատարան հանդես եկող ԲԴԽ որոշումը»։

Զարուհի Նախշքարյան․ «ԲԴԽ որոշումն ինձ համար անակնկալ էր և խնդրահարույց՝ համաչափության տեսանկյունից»։

Խորհուրդը կրկին արձանագրել է, որ ԲԴԽ-ի որոշման ամբողջական տեքստը հասանելի չէր կարող լինել դատավորի համար, ուստի նշված նախադասությամբ Նախշքարյանը կասկածի տակ է դրել խորհրդի կայացրած որոշման արդարացիությունը։

Ելնելով վերոգրյալից՝ խորհուրդը գտել է, որ Զարուհի Նախշքարյանի կողմից արված արտահայտություններով նվազեցվում է հանրության վստահությունը դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ։ ԲԴԽ արձանագրել է նաև, որ «դատավորի կարգապահական պատասխանատվության տեսանկյունից մեղքը դատավորի վերաբերմունքն է իր կողմից կատարված արարքի նկատմամբ»։

«․․․Մատնանշված դրվագներով խոսքի ազատության իրավունքի սահմանազանցումը ողջամիտ կասկածից վեր է, հետևաբար այն չէր կարող դրսևորվել որևէ այլ կերպ, քան դիտավորությունն է»,-նշվում է որոշման մեջ։ Ընդգծվել է նաև, որ Նախշքարյանը 2021-ին ենթարկվել է կարգապահական պատասխանատվության․ «․․․Նրա նկատմամբ կիրառվել է խիստ նկատողությունը, որը սույն գործի քննության պահին մարված չէ»։

Նշենք, որ Զարուհի Նախշքարյանը իր ներկայացուցիչների հետ միասին մարտի 9-ին մամուլի ասուլիս է հրավիրել, որտեղ հայտարարել է, որ եթե ԲԴԽ նախագահը որևէ մեկին չի սիրում, կարող է վարույթ հարուցել և այդ դատավորի գործունեությունը դադարեցնել։

«Խնդիրն այն չէ, որ կարգապահական վարույթներ են հարուցվում, այլ նրանում է, որ դա դարձել է գործիք, ընտրովի գործիք։ Այսինքն, եթե ԲԴԽ նախագահը որևէ մեկին չի սիրում, չի հավանում, տարբեր պատճառներ կարող են լինել, կարող է կարգապահական վարույթ հարուցվել և այդ դատավորն այլևս դադարի իր գործունեությունը։ Այսինքն, միայն այն պատճառով, որ դուր չի գալիս ինչ-որ մեկին, օրինակ, արդարադատության նախկին նախարարին, ներկայիս ԲԴԽ նախագահին։

Քանի որ այն դատավարական խախտումները, որոնք դատավորները թույլ են տալիս, դատավորների մեղքով չէ, դա այն բարեփոխումների բացակայությունն է, որով պետք է բացը լրացվեր, չէ՞ որ հաշվարկելի են գործերի հետագա հոսքերը, ավելանալու տենդենցը»,- ասել է Զարուհի Նախշքարյանը։

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել