Դատախազությունը հրաժարվեց Վաչագան Ղազարյանի դստեր մասով ներկայացված հայցապահանջից

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում այսօր՝ մարտի 16-ին, քննվում էր ԱԱԾ ՊՊԾ պետի նախկին տեղակալ Վաչագան Ղազարյանից, նրա հետ փոխկապակցված 4 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթադրյալ ապօրինի ձեռք բերված գույքը և եկամուտները բռնագանձելու մասին Գլխավոր դատախազության հայցադիմումը։ Նիստը նախագահում էր դատավոր Աշխեն Ղարսլյանը։

Պահանջ է ներկայացվել Վաչագան Ղազարյանից և նրան փոխկապակցված չորս անձանցից հօգուտ Հայաստանի բռնագանձել՝

  • Երևան քաղաքում գտնվող 17 բնակարանները, տարածքները,  շինությունները, ավտոհանգրվանները, որոնցից 4-ը գտնվում են Ավան վարչական շրջանում, 5-ը Ծովակալ Իսակով պողոտայում, 5-ը Տերյան փողոցում, ինչպես նաև Այգեստան թաղամասում, Ամիրյան, Խորենացի փողոցներում,  Կոտայքի մարզում (համայնք Ծաղկաձոր) գտնվող հանգստյան գոտին, Արմավիրի (համայնք Արտամետ) մարզում գտնվող 1 հողամասը, 6 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ նշված անշարժ և շարժական գույքերի միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 6.007.193.880 ՀՀ դրամ,
  • իրավաբանական անձանցում մասնակցության իրավունք,
  • Ստեփանակերտ քաղաքում գտնվող 6 անշարժ գույքի և 4 տրանսպորտային միջոցների միջին շուկայական արժեքները՝ 337.780.000 ՀՀ դրամ,
  • 137.216.729 ՀՀ դրամ՝ որպես բանկային հաշիվներին առկա դրամական միջոցներ և ավանդներ, 
  • 1.743.409.007 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը:

Ընդհանուր՝ 8.225.599.616 ՀՀ դրամ։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Միհրան Բուլղադարյանը դատարանին ներկայացրեց Վաչագան Ղազարյանի դստեր վերաբերյալ ներկայացված հայցապահանջից հրաժարվելու հայտարարություն։

Դատախազությունը պահանջ էր ներկայացրել ընդդեմ Արև Ղազարյանի՝ բռնագանձել Տերյան 66 շենքի բնակարաններից մեկը, նույն շենքի ավտոկայանատեղիի իրեն պատկանող բաժնեմասը։ Դատախազը նշեց, որ դատախազությանը հավելյալ փաստեր են հայտնի դարձել, որոնց համաձայն՝ դեռևս 2014 թվականին նշված գույքերը օտարվել են 45 միլիոն դրամով, ուստի դատախազությունը Արև Ղազարյանի մասով ներկայացված պահանջից հրաժարվում է։

Դատավոր Աշխեն Ղարսլյանը հարցրեց դատախազին՝ նրա համար պա՞րզ է նշված տնօրինչական գործողության իրականացման դատավարական հետևանքները․ «Պա՞րզ է, որ Արև Ղազարյանին ներկայացված պահանջի մասով սույն հակակոռուպցիոն քաղաքացիական գործի վարույթը ենթակա է կարճման»։ Միհրան Բուլղադարյանը դրական պատասխան տվեց։

Այնուհետև դատախազը խնդրեց դատարանին 8 իրավաբանական անձանց ներգրավել գործով որպես 3-ր անձ։

Պատասխանողի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը նշեց՝ իրենց կարծիքով ավելի մեծ է այն անձանց շրջանակը, որոնց իրավունքներին ու պարտականություններին կարող է առնչվել այս գործը․ «Գտնում եմ, որ դատավարության այս փուլում հայցի հիմքը, առարկան պարզելուց հետո պետք է քննարկվի 3-րդ անձանց ներգրավման հարցը։ Մենք էլ հնարավոր է համանման միջնորդություն ներկայացնենք»։

Փաստաբանի խոսքով՝ հայցի առարկայի վերջին մասում գումարային պահանջի վերաբերյալ հատվածը իրենց համար դեռևս անհասկանալի է մնում։ Պարզ չէ, թե ինչ հաշվարկների հիման վրա է ներկայացվել նշված պահանջը։

Դատավորը հիշեցրեց, որ դեռևս նախորդ դատական նիստի ընթացքում դատախազը պարտավորվել էր որոշակի հաշվարկների վերաբերյալ պետք է պարզաբանումներ ներկայացներ այս դատական նիստի ընթացքում։ Բուլղադարյանը նշեց, որ բանավոր կարող է ներկայացնել, գրավոր չի ներկայացրել, քանի որ նոր պատասխանող ներգրավելու վերաբերյալ միջնորդություն պետք է ներկայացներ։

Վարազդատ Ասատրյանը նշեց, որ ճիշտ կլինի, եթե պարզաբանումները ներկայացվեն գրավոր ձևով։ Փաստաբանը դեմ արտահայտվեց նաև նոր պատասխանող ներգրավելու վերաբերյալ միջնորդությունն այս դատական նիստին ներկայացնելուն․ «Հարգելի դատարան, միջնորդությունը վերաբերում է ոչ միայն նոր պատասխանող ներգրավելուն, այլ նաև հայցի հիմքի և առարկայի փոփոխություն  թույլատրելուն։ Հետևաբար, ներկայացված միջնորդության վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու համար ժամանակ է անհրաժեշտ»։

Դատավորն առաջարկեց դատավարական ռեսուրսի ողջամիտ օգտագործման համար ընդմիջում հայտարարել, որի ընթացքում փաստաբանը հնարավորություն կստանա ծանոթանալ միջնորդությանը, սակայն Վարազդատ Ասատրյանը նշեց, որ իրենց ժամանակ է անհրաժեշտ՝ մարտավարություն մշակելու, հիմնավորողի դերում պատշաճ հանդես գալու համար։

Դատավոր Աշխեն Ղարսլյանն արձանագրեց, որ դատական նիստը հետաձգելու հարց չէր քննարկվի, եթե դատախազը նոր պատասխանող ներգրավելու միջնորդությունը նախապես ուղարկեր պատասխանող կողմին։

Դատարանը որոշեց դատական նիստը հետաձգել։ Նոր դատական նիստի օրվա մասին դատարանը կհայտնի ավելի ուշ։

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել