Iravaban.net-ը զրուցել է փաստաբան Ղևոնդ Պապոյանի հետ «Էլեկտրոնային արդարադատություն» միասնական կառավարման համակարգի ստեղծման, էլեկտրոնային եղանակով հայցադիմումի ներկայացման արդյունավետության և համակարգում առկա խնդիրների մասին։ Նա առաջին փաստաբաններից է եղել, որ հարթակի միջոցով հայցադիմում է ներկայացրել։
Նրա խոսքով՝ որոշակիորեն հեշտացել է աշխատանք այս առումով, քանի որ փաստաբաններն ազատվել են թղթաբանությունից։
«Մի գործ կար, որ մուտքագրեցի, հետո, երբ հայցադիմումը պետք է վերադարձվեր, մուտք էի գործում գործողություններ բաժին, որ կրկին հայցադիմում ներկայացնեի, ծրագիրը կարմիր էր ցույց տալիս, ու դրանից հետո չվերականգնվեց, չկարողացա ներկայացնել, ինչից հետո էլ նոր հայցադիմում ներկայացրի»,-ասաց Պապոյանը։
Նրա խոսքով՝ փորձել է զանգահարել և՛ դատական դեպարտամենտ, և՛ ծրագրի պատասխանատուներին, մոտավորապես 10 օր սպասել է, և որպեսզի ժամկետի հետ կապված խնդիր չլիներ, նոր կարգով է ներկայացրել, խնդիրը լուծվել է։ Նա նաև ընդգծեց, որ եթե փաստաբանն ընտելանում է համակարգին, դրական տեղաշարժ նկատվում է, որովհետև կարողանում են երեկոյան հայցադիմումը կազմել, ծրագրով մուտքագրել․ այլ տեխնիկական խնդիրներ այդ պարագայում չեն առաջանում։
Ղևոնդ Պապոյանն ընդծեց․ «Այս պահի դրությամբ ինձ hամար խնդիր չկա, հարթ է ընթանում, կարողանում եմ հայցադիմումը մուտքագրել, միայն այս պահին, որ ես խնդիր եմ նկատել, հնարավոր է՝ միայն իմ ծրագրի հետ է կապված, հայցադիմումը կառուցում եմ, վերջնական տողերը հավասար չեն լինում, սյունակները կորչում են, հայցադիմումն անհամաչափ է։ Մոտ 15 հայցադիմում ներկայացրած կլինեմ այդ հարթակում»։
Դատարանների հետ համատեղ աշխատանքի վերաբերյալ Ղևոնդ Պապոյանը նշեց, որ որևէ խնդիր չկա, աշխատակազմի աշխատակիցների հետ աշխատում են այդ առումով։ Համակարգը հնարավորություն է տալիս 7 օրվա ընթացքում հայցադիմումն ու կից փաստաթղթերն ուղարկելու, նշված պատուհանում լրացուցիչ դիմում և միջնորդություն ներկայացնելու համար։
Հրապարակումը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից, գործընկերությամբ՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի, «ԲԿԳ ազգային գործողությունների ծրագրի բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Բաց Կառավարման Գործընկերության (ԲԿԳ) աջակցությամբ՝ Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն բարեվարքության՝ Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում։
Սույն հրապարակմամբ արտահայտված է հեղինակի՝ ԻՀԱ դիրքորոշումը, որի համընկնումը ԲԿԳ և ԵՄ դիրքորոշման հետ պարտադիր չէ: