ՌԴ ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի և նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հետախուզման վերաբերյալ համապատասխան քարտը տեղադրվել է գերատեսչության տվյալների բազայում։ Փաստաթղթում նշված է, որ 1978 թվականի հունվարի 25-ին Կրիվոյ Ռոգում ծնված Վլադիմիր Ալեքսանդրի Զելենսկին հետախուզվում է Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի հոդվածով, որը, սակայն, նշված չէ։
Հետախուզում է հայտարարվել նաև Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ։ Նրա դեպքում նույնպես բացակայում է քրեական հետապնդման համար հիմք հանդիսացող հոդվածին հղումը։ Նշված է, որ հետախուզվում է 1965 թվականի սեպտեմբերի 26-ին Ուկրաինայի Օդեսայի մարզի Բոլգրադ քաղաքում ծնված Պյոտր Ալեքսեյի Պորոշենկոն։ Պորոշենկոն Ուկրաինայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2014-2019 թվականներին։