«2000 դոլարը Վերմիշյանն իր մտերիմ ընկերոջից խնդրել է որդուն Սլովենիա ուղարկելու համար․ ապացույցներ կան»․ փաստաբան

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ ապրիլի 29-ին, շարունակվեց Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով դատաքննությունը։ Նիստը նախագահում է դատավոր Կարեն Ամիրյանը, կազմում են դատավորներ Արմեն Հովհաննիսյանը ու Մեսրոպ Մակյանը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստի սկզբում քննարկվեց Վահագն Վերմիշյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի վերաբերյալ փաստաբան Արմեն մելքումյանի ներկայացված միջնորդությունը։ Նշված վարույթով դատարանը ապացուցման բեռ է բաշխել, տվյալները ստանալու համար փաստաբանները պետք է դիմեն ՌԴ պետական մարմիններին՝ այնտեղ գտնվող փաստաբանի միջոցով, որին Վերմիշյանը պետք է լիազորություններով օժտի։

Փաստաբանը խնդրում էր թույլատրել կամ նոտարի այցը Վահագն Վերմիշյանի տնային կալանքի վայր, կամ Վերմիշյանի այցը նոտարական գրասենյակ։

Դատարանը բավարարեց ներկայացված միջնորդությունը, թույլ տվեց, որպեսզի նոտարն այցելի Վերմիշյանի տնային կալանքի հասցե` ապրիլի 29-ից մայիսի 15-ը ներառյալ։

Այնուհետև դատարանում շարունակեց իր վերաքննիչ բողոքը ներկայացնել ամբաստանյալ Ջոն Ֆարխոյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

Պաշտպանը նշեց, որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը չի անդրադարձել քննչական ենթակայության վերաբերյալ իր բարձրացրած հարցերին, նշված խնդրի վերաբերյալ իր ներկայացրած միջնորդությունը մերժել է՝ նշելով, որ այն անհիմն է, ենթակա է մերժման։ Սարգսյանը մեջբերեց քննչական ենթակայության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը, որը պարտադրում է դատարանին մանրամասն անդրադառնալ նշված հարցին, փաստական հանգամանքներին։

«Ենթակայության կանոնները կոպիտ կերպով խախտված են»,-նշեց պաշտպանը։

Ըստ նրա՝ անթույլատրելի ապացույց է նաև ենթադրյալ կաշառք տալու մասով տեսագրությունը։

«Այն ձեռք է բերվել հարցումների, գրությունների միջոցով։ Օրենսդիրն ասում է, որ օպերատիվ հարցման և օպերատիվ տեղեկության արդյունքում ձեռք բերվածը չի կարող ապացույց համարվել»,-նշեց պաշտպանը՝ հավելելով, որ դրանք դատարանում զննելու իրավունք չեն ունեցել։

Նրա խոսքով՝ տեսագրությունը կարող էր թույլատրելի ապացույց համարվել, եթե առգրավման որոշում կայացվեր, իսկ օպերատիվ հարցման արդյունքում ձեռք բերվածն արգելվում է որպես ապացույց օգտագործել։

Այնուհետև Երեմ Սարգսյանը նշեց, որ իր պաշտպանյալն առաջին անգամ հարցաքննվել է 2020-ի փետրվարին՝ վկայի կարգավիճակով։

«Վերմիշյանն արդեն ուներ կասկածյալի կարգավիճակ, նա նույնիսկ ձերբակալված էր։ Ֆարխոյանի կողմից Վահագն Վերմիշյանին կաշառք տալու վերաբերյալ ձևակերպումներ չկային։ Նա անկեղծ ցուցմունք է տալիս, առանց փաստաբանի ներկայության, որի հիման վրա 2 դրվագով կաշառք տալու վերաբերյալ մեղադրանք է ներկայացվում։ Այսինքն, եթե ցուցմունք չտար պարոն Ֆարխոյանը, ապա չէր ձերբակալվի։ Ցուցմունքից 2 բառ է հանվել, որի հիման վրա էլ մեղադրանք է առաջադրվել»,-նշեց պաշտպանը՝ միևնույն ժամանակ նշելով, որ Ֆարխոյանի ցուցմունքը մեղադրանքի կողմը ոչ արժանահավատ չի համարում, սակայն նրա մյուս պնդումներին ուշադիր չի եղել։

Ֆարխոյանը մեղադրվում է պաշտոնատար անձին կաշառելու, իր օգտին պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով որևէ գործողություն կատարելու կամ չկատարելուն նպաստելու, ծառայության գծով հովանավորչության համար։

Այստեղ խոսքը 2000 ԱՄՆ դոլարի մասին է, որը, ըստ մեղադրանքի կողմի, Ֆարխոյանը փոխանցել է Վերմիշյանին։ Սարգսյանը նշում է, որ 2000 դոլարը Վերմիշյանը Ֆարխոյանից խնդրել է որդուն Սլովենիա ուղարկելու համար։ Խնդրել է, վերցրել և ուղարկել է այդ գումարը։ Գործի նյութերում առկա է փոխանցումը հավաստող անդորագիրը։ Նույն ծավալի գումար, այսինքն 2000 ԱՄՆ դոլար ուղարկվել է Սլովենիա՝ Վերմիշյանի որդու անվամբ։

Պաշտպանի խոսքով՝ գումարը Վերմիշյանը եվրոյով է ուզել, սակայն Ֆարխոյանը դոլարով է տվել՝ ուրբաթ օր։ Հաջորդ աշխատանքային օրը, այսինքն, երկուշաբթի, Վերմիշյանի կինը նշված գումարը փոխանցել է որդուն՝ եվրոյով։

Երեմ Սարգսյանը հաշվել է․ Սլովենիա է փոխանցվել 1814 եվրո, որը նշված օրվա հրապարակված փոխարժեքով համարժեք է եղել 2000 դոլարի․ «Որևէ հանդիպման, որևէ հեռախոսային խոսակցության ժամանակ չկա անգամ ակնարկ, որ կաշառքի մասին պայմանավորվածություն կա»։

Կաշառք տալու 2-րդ դրվագը վերաբերում է ենթադրյալ հովանավորչությանը, Վերմիշյանի կողմից Ֆարխոյանին օգնելուն՝ բազմաբնակարան շենքեր կառուցելու հարցում։

Սարգսյանը դատարանում հայտնեց նաև, որ իր պաշտպանյալը հասկացել է, որ Վահագն Վերմիշյանին հետևում են, զգուշացրել է նրան այդ մասին․ «Ու այդ պարագայում ասում են՝ գնացել է, տեսախցիկների առաջ կանգնել ու կաշառք է տվել Վերմիշյանին»։

Բացի այդ, ըստ պաշտպանի, մեղադրող կողմը կասկածի տակ է դրել նաև ամբաստանյալների ընկերներ լինելու հանգամանքը։

Դատարանում խոսեց նաև Ջոն Ֆարխոյանը․ «Եթե իմ ցուցմունքը հիմք է ընդունում, որպես ելակետային տվյալ վերցնում է, բա ինչո՞ւ հիմք չի ընդունում իմ նշված պատճառաբանությունը, թե ինչի համար, ինչպես եմ տվել այդ գումարը։ Ես ինքս բացատրում եմ՝ ինչ եմ տվել, ինչի համար եմ տվել, իմ ցուցմունքը հիմք ենք ընդունում, մի մասը չեն ընդունում։ Ծաղկաքաղ են արել»։

Ֆարխոյանը անտրամաբանական համարեց այն գործողությունների հաջորդականությունը, որոնցով վերջիններս առաջնորդվել են, եթե վերջնանպատակը կաշառք տալը պետք է լիներ։

Այսպիսով, պաշտպանական կողմը պահանջում է դատարանից բեկանել առաջին ատյանի դատավճիռը և հռչակել Ջոն Ֆարխոյանի անմեղությունը։

Վահագն Վարեմիշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն էլ գրավի առարկան փոխելու միջնորդություն ներկայացրեց, սակայն այն կքննարկվի հաջորդ նիստին, հունիսի 3-ին։

Նշենք, որ առաջին ատյանի դատարանը Վահագն Վերմիշյանին մեղավոր է ճանաչել նաև այս դրվագով ու նրան ընդհանուր առմամբ դատապարտել ընդհանուր 8 տարվա ազատազրկման։

Չնայած առաջադրված մեղադրանքներին, փաստաբանները պնդում են, որ Վահագն Վերմիշյանն անմեղ է և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ակնկալում են արդարացման որոշում բոլոր դրվագներով։

Կարդացեք նաև՝

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել